Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հաղորդում է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում կրակոցների մասին. Բաքուն հերքում է


Հայկական կողմն այսօր հաղորդեց թե՛ հայ-ադրբեջանական սահմանին և թե՛ Արցախում ադրբեջանական կրակոցների մասին։

Նախ Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժն այսօր կեսօրին անկանոն կրակ է բացել Արցախի երկու գյուղերի ուղղությամբ, ապա ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ կրկին կեսօրին ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են նաև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմը հերքում է և՛ Արցախում, և՛ հայ - ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները՝ դրանք «ապատեղեկատվություն և սուտ» որակելով։

Մինչդեռ Արցախի ՆԳ նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ` ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ:

«Այս պահին իրավիճակը վերահսկելի է, որևէ կրակ չկա, և գյուղացիներն էլ իրենց առօրյա աշխատանքով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հունան Թադևոսյանը:

Արցախի օմբուդսմենի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է 8 գնդակ։

Կրակահերթին որևէ արտառոց դեպք չի նախորդել, պարզաբանեց խոսնակը, ով այս պահին ենթադրություններ չունի, թե ինչը կարող էր նման ինտենսիվ կրակահերթի պատճառ դառնալ. «Փառուխի հայտնի դեպքերից հետո սահմանային իրավիճակը լարված չի եղել, որևէ դեպք հայկական բնակավայրերի, հիմնականում քաղաքացիական անձանց, գյուղերի ուղղությամբ, մեքենաների շարժի, որևէ դեպք չի գրանցվել այդպիսի արտակարգ, արտառոց, սա առաջին դեպքն էր, որ տեղի ունեցավ այսօր կեսօրին Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ»:

Այս տարվա մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը` զբաղեցնելով և՛ Փառուխ գյուղը, և՛ ոչ հեռու գտնվող Քարագլուխ բարձունքը: Փառուխի ներխուժմանը նախորդած շաբաթներին ադրբեջանական կողմը բարձրախոսներով սպառնում էր հարակից Խրամորթի բնակիչներին:

Ներքին գործերի նախարարարության խոսնակն ասաց` Արցախի իրավապահ կառույցներն իրենց ունեցած ինֆորմացիան փոխանցել են ռուս խաղաղապահներին և զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ:

Ռուս խաղաղապահ զորակազմն առայժմ այս կրակոցների մասին ոչինչ չի հաղորդել:

Թաղավարդի և Կարմիր շուկայի համայնքապետերից որևէ տեղեկություն ստանալ չհաջողվեց։ Թաղավարդի բնակիչներից Սերգեյ Գևորգյանը պատմեց՝ չնայած կրակոցները բավականին երկար են տևել, բայց գյուղում խուճապային տրամադրություն չկա. «Գյուղից ոչ մեկը դուրս չի եկել, սաղ գյուղում են: Արդեն սովոր ենք»:

Լարվածությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Բաքվի դժգոհությամբ. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ սահմանին լարվածությունը պայմանավորված է բանակցային գործընթացում Բաքվի դժգոհությամբ: Նա ասում է` Ադրբեջանը փորձում է ռազմական էսկալացիաների միջոցով ճնշում գործադրել հայկական կողմի վրա:

«Սա, իհարկե, դժվար է պատահական համարել, որ սրացում տեղի է ունեցել և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին, այսինքն` եթե այդ սրացումը միայն մի հատվածում լիներ, կարելի է ենթադրել, որ ինչ-որ լոկալ դինամիկա գոյություն ունի, այսինքն` կարող է որ նույնիսկ ինչ-որ պատահական միջադեպ է, բայց երբ նույն օրը երկու տարբեր հատվածներում սրացում է գրանցվում, սա նշանակում է, որ կրկին Ադրբեջանը վերադառնում է այդ փոքր ռազմական էսկալացիաների քաղաքականությանը, որի նպատակը դիվանագիտական-քաղաքագիտական զիջումներ կորզելն է Հայաստանից», - «Ազատությանն» ասաց նա:

Վերջերս խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էր հաստատել, որ բանակցություններ են ընթանում առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար։ Շաբաթներ առաջ էլ Թբիլիսիում երկկողմ հանդիպում էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Կողմերը, սակայն, որևէ պայմանավորվածության մասին չէին հաղորդել։

XS
SM
MD
LG