Արցախում շփման գծի մի շարք հատվածներում լարվածությունը շարունակվում է պահպանվել։ Մարդկային ու դիրքային կորուստներ չկան, Արցախի անվտանգության խորհրդում հայտնել է պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել՝ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ։ Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:
Ադրբեջանական կողմն արդեն ավարտում է ճանապարհի շինարարությունը, իսկ հայկական կողմը հայտնել էր, որ դեռ նախագծում է։ Թե ինչպես է իրականացվելու երթևեկությունը, երբ դեռ հայկական կողմից ճանապարհը պատրաստ չէ, այսօր Արցախից չհաջողվեց ճշտել։
Իրավիճակը երեկ առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել էր։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հարձակումը Գանձասարի ուղղությամբ է եղել, պաշտոնականով՝ Վանք համայնքի մեջ մտնող Նարեշտար գյուղի, որը Գանձասարից 20 կմ հեռու է։
Երեկվա լարվածության հետևանքով վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Այսօրվա տվյալներով՝ զինծառայողի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լրատվամիջոցները հայտնում էին նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին, մասնավորապես, Գեղարքունիքի հատվածում իրավիճակի սրման մասին, սակայն Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ Հայաստանի սահմաններին իրավիճակը երեկ էլ, այսօր էլ հանգիստ է։
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում լարվածություն կա, չի համապատասխանում իրականությանը», - ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
Հայաստանի կառավարությունից մինչ այս պահը որևէ արձագանք չկա Արցախում սահմանի լարվածության վերաբերյալ։ Իշխող խմբակցությունից Արսեն Թորոսյանն է իր ֆեյսբուքյան էջում գրառում արել անցյալի սխալներից դասեր քաղելու խաղաղության գնալու անհրաժեշտության մասին։
Պետական կառույցները հորդորում են չհավատալ ոչ պաշտոնական աղբյուրներին, հետևել պաշտոնական լրահոսին։ Մինչդեռ Արցախի պաշտպանական բանակը երեկ առավոտյան սկսված դեպքերի մասին հաղորդեց 11 ժամ անց՝ ուշ երեկոյան, երբ լրատվամիջոցներում ու համացանցում լուրեր էին տարածվել թեժ մարտերի մասին։
Լարվածությունը հաստատեցին, թեժ մարտերը հերքեցին՝ հայտնելով, թե Արցախի ղեկավարությունը, Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
Սահմանային լարվածության երկրորդ օրը հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները։ Կողմերը ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել. Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր: Սակայն կողմերի հաղորդագրություններում սահմանային լարվածության մասին խոսք չկա։
Այսօր նաև Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներն են զրուցել։ Երեկ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալն է զրուցել Հայաստանի, և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դարձյալ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, թե բոլոր կոմունիկացիաների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստեն տարածաշրջանում հետագա խաղաղության ամրապնդմանը։
Այս հայտարարությունը Պատահական չէ։ Ասում է «Պատիվ ունեմ» Խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ուղիղ կապ ունի վերջին երկու օրվա դեպքերի հետ։
«Դա պատահաբար չի հայտարարվել, Ադրբեջանը ցանկանում է ամեն գնով Հայաստանի տարածքով ստանալ միջանցք, հակառակ դեպքում սպառնում է անցակետեր տեղակայել Լաչինի միջանցքում: Ընդ որում՝ դա նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտում է, և եթե Հայաստանը միջանցք չի տրամադրում, ապա այդ դեպքում իրենք անցակետեր են տեղակայելու Հայաստան-Արցախ այդ ճանապարհի վրա», - ասաց Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Ադրբեջանի մյուս պահանջը Հայաստանի զինված ուժերին Արցախից ամբողջությամբ դուրս բերելն է։ Հենց այս մասին էր երեկ խոսել Ադրբեջանի արտգործնախարարը Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի հետ։
«Ըստ էության ադրբեջանական պահանջները, որի պատճառով ունենք նաև այսօր իրավիճակային կտրուկ փոփոխություններ՝ դեպի սրացում Արցախում, փոխկապակցված են», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Իշխանականներից սահմանային լարվածության մասին այսօր գրառում է արել իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 100 տարի առաջվա ու անկախ Հայաստանի 30-ամյա սխալներից դասեր քաղելու, խաղաղության հաստատման մասին է գրել։ Իրենց իշխանությանը մի բառով չի անդրադարձել։
«Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք, սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրա իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը: Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», - գրել է Թորոսյանը:
Ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակի մասին խոսելիս՝ «հաղթող» բառը վարչապետ Փաշինյանի թիմակիցը չակերտների մեջ է առել և արժանացել ֆեյսբուքյան օգտատերերի կոշտ քննադատությանը։