Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը


Արխիվ
Արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր, հայտնում է հայկական ԱԳՆ-ն:

Ըստ հաղորդման` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին` կարևորելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և վերադարձը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի համաձայն` Միրզոյանն ու Լավրովը հաստատել են հանձնառությունը` համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու եռակողմ (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի) պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

Ռուսական կողմի հաղորդմամբ` «հիմնական ուշադրության կենտրոնում է եղել հայ-ռուսական կապերի ներկա դրությունն ու հետագա զարգացումը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում և երկու առաջնորդների միջև ՀԱՊԿ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորածությունների կատարման համատեքստում»։

XS
SM
MD
LG