Քըլըչն այցելել է հայ - թուրքական սահման

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու ավերակները հայ - թուրքական սահմանին, արխիվ

Հայ - թուրքական ցամաքային սահմանն այլ երկրների քաղաքացիների համար բացելու շուրջ Երևանի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից մոտ մեկ ամիս անց Թուրքիայի բանագնացը ժամանել է սահմանամերձ շրջաններ։

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ինչպես հաղորդվում է, Հայաստանի հետ սահման է այցելել նախօրեին։ Կարսում լույս տեսնող Gazete Kars պարբերականի տեղեկություններով՝ Քըլըչը նախ ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան։ Դիվանագետն ապա ուղևորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Անիի ավերակները և Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։

Թուրքական թերթում հրապարակված լուսանկարներից կարելի է ենթադրել , որ այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնելու ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ Կողմերը չեն պարզաբանել պայմանավորվածությունների կատարման համար նշվող ամենասեղմ ժամկետները, և թե ինչու է սահմանը բացվում միայն երրորդ երկրների քաղաքացիների համար։ Թուրքիայի և Հայաստանի առաջնորդները միայն հույս են հայտնել, որ այդ պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Այս մասին ասվում է Վիեննայի հանդիպմանը հաջորդած՝ Ռեջեփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին. քաղաքագետ

Այդ հեռախոսազրույցից հետո պաշտոնական Երևանը հայտարարել է, թե ակնկալում է առաջիկա ամիսներին արդեն կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նախապատրաստական երկկողմանի գործընթաց դեռ չկա, բայց շուտով մեկնարկելու է:

Սկսել են նախապատրաստական աշխատանքներ, թե ոչ՝ Երևանն ու Անկարան չեն հայտարարում։ Մոտ տասն օր առաջ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Կարսի մարզում՝ հայ-թուրքական սահմանի հարակից տարածքում, Թուրքիան սկսել է ականազերծում իրականացնել։ Ըստ Gazete Kars-ի՝ սա գործնական քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայկական կողմը Թուրքիայի հետ սահմանին մոտ տարածքում ականազերծման աշխատանքներ չի կատարում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

Ամիսներ առաջ մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Երևանն ու Անկարան շարունակաբար վերահաստատում են ն պատրաստակամությունը` բանակցություններ շարունակելու առանց որևէ նախապայմանի։ Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, անցած շաբաթ բաց տեքստով հայտարարեց, որ հայ - թուրքական կարգավորումը, ըստ էության, եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերն Ադրբեջանի հետ են համակարգում:

«Հայաստանին դուր է գալիս, թե ոչ՝ սա է իրականությունը: Մենք մեկ ազգ` երկու պետություն ենք: Այդ պատճառով, եթե տարածաշրջանում խաղաղություն է լինելու, բոլորը պետք է քայլեր անեն, այդ թվում` Վրաստանը, Միջին Ասիայի երկրները: Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք ակնկալում՝ լինեն դրանք Զանգեզուրի, համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում, թե մեզ ուղղված քայլեր», - շեշտել էր Մևլյութ Չավուշօղլուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում և երկու նախապայման ներկայացնում