Մատչելիության հղումներ

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը շատ կարևոր քայլ է. Անդրեա Վիկտորին 


Եվրամիությունը ողջունում է Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի օրերս կայացած հեռախոսազրույցը, համարում է շատ կարևոր քայլ երկու երկրների նորմալացման գործընթացում և հետևելու է, թե այն ինչ ընթացք է ունենալու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

«Կարծում եմ` սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Եվրամիությունը, հատկապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էին Հայաստանի ու Թուրքիայի միջև նորմալացման գործընթացն առաջ մղելու ջանքերը։ Կարծում եմ` այդ հեռախոսազրույցը շատ կարևոր քայլ է։ Հույս ունեմ, որ սա իրապես կտանի դեպի նորմալացման գործընթաց՝ ի բարօրություն երկու երկրների», - նշեց նա։

Դեսպանն ընդգծեց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ուղղությամբ նոր՝ կոնկրետ քայլերի են սպասում. «Այո, սպասում ենք։ Հայաստանի կառավարության գաղափարն է, և սեղանին արդեն իսկ կա առաջարկ բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կտեսնենք, թե այս նախաձեռնություն ինչ զարգացում կունենա, և այո՛, նոր՝ կոնկրետ, լավ քայլեր ենք սպասում նորմալացման գործընթացում»։

Նախորդ երկու շաբաթներին շփումները Երևանի ու Անկարայի միջև նկատելիորեն ակտիվացան։ Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումից հետո, կողմերը հայտարարեցին, թե պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ:

Գրեթե մեկ շաբաթ անց կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հանձնարարեց հայաստանյան գերատեսչություներին աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։

Եվ այս երկուշաբթի՝ առաջին անգամ, կայացավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ երկու երկրների ղեկավարները հույս հայտնեցին՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Թե նշված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, կամ սահմանը ո՞ր ուղղությամբ է բացվելու՝ Գյումրիի՞, Մարգարայի՞, թե՞ երկու ուղղությամբ էլ, առայսօր Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնական մարմինները լռում են։ Տրանսպորտային հարցերով Հայաստանում զբաղվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, և ինչպես նախորդ շաբաթ, այսօր էլ գերատեսչությունից խոստացան մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրուցին դրական են արձագանքել Վաշինգտոնում ու Մոսկվայում։ Ըստ պետքարտուղարության` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան հետևողականորեն աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է շարունակել ուղեկցել հայ-թուրքական երկխոսությունը:

Օրերս թուրքական GazeteKars թերթը գրեց, թե իր տվյալներով՝ Կարսի շրջանում հայ-թուրքական սահմանն ականազերծվում է, այն իրականացնում է իսրայելական ընկերություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ հայկական կողմում նման աշխատանք չի իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG