Երեկ մեկնարկեց նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին ուղևորությունը Մերձավոր Արևելք։ Օրակարգում Իրանի միջուկային տերություն դառնալու կանխարգելմանն ուղղված բանակցություններն են, Իսրայել-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը և համաշխարհային շուկա Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալների ավելացումը։
Բայդենի առաջին կանգառը Իսրայելն է, որտեղ նրա եռօրյա հանդիպումների և բանակցությունների օրակարգի կարևորագույն հարցերից է Իրանի արագ զարգացող միջուկային ծրագիրը։ Օդանավակայանում Բայդենին դիմավորել են Իսրայելի նախագահն ու վարչապետի ժամանավոր պաշտոնակատարը։ Հենց օդանավականում Միացյալ Նահանգների նախագահը ողջույնի խոսքով է հանդես եկել։
Վերլուծաբանների համոզմամբ, Բայդենը Մերձավոր Արևելք է ժամանել տարածաշրջանի ամենաբարդ ու չհանգուցալուծված կոնֆլիկտների հանգուցալուծման մասին շատ քիչ ասելիքով։
Բրիտանական Economist-ը մասնավորապես նկատում է, որ նրա եռօրյա այցը Իսրայել և Պաղեստին ավելի շատ արարողակարգային բնույթ ունի, որը ընթանում է ձեռքսեղման արարողություններով և մի քանի տեսարժան վայրեր այցելություններով։ Բայց դժվար է Բայդենին մեղադրելը, գրում է հեղինակավոր պարբերականը, թե՛ իսրայելցիները, թե՛ պաղեստինցիները գտնվում են քաղաքական ցնցումների մեջ, ու եթե անգամ ԱՄՆ-ի նախագահը ցանկանար ընկղմվել խաղաղ գործընթացի մեջ, նրան ոչ ոք չէր միանա:
Բայդենին այս այցելության ընթացքում հյուրընկալում է Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կենտրոնամետ Յաիր Լապիդը։ Երեկ նա արդեն այցելել է Հոլոքոսթի հուշահամալիր, ծանոթացել իսրայելական նոր հրթիռային պաշտպանության համակարգին։ Նախագահ Բայդենը կարճ հանդիպում կունենա նաև նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որն այժմ ընդդիմության առաջնորդն է և նոյեմբերին հույս ունի վերադառնալ իշխանության։
Պաղեստինցիներն այս ուղևորության ժամանակ շատ ավելի քիչ ուշադրության կարժանանան։ Ջո Բայդենը հուլիսի 15-ին կարճատև այց կկատարի Բեթղեհեմ և կհանդիպի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին։ Բայդենը, հավանաբար, նաև 100 միլիոն դոլարի օգնություն կկհատկացնի Արևելյան Երուսաղեմի հիվանդանոցներին:
Նախագահ Բայդենի մերձավորարևելյան ուղևորության ամենառանցքային կետը Բայդենի՝ Թել Ավիվից առաջին ուղիղ թռիչքն է դեպի Սաուդյան Արաբիայի առևտրային մայրաքաղաք Ջիդդա, որը, ըստ փորձագետների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է։
Ուղևորության ամենաանկխատեսելի պահը Բայդենի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ հավանական հանդիպումն է։
Փորձագետները փաստում են, որ ԱՄՆ-ի նախագահները տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են պահպանել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ։ Բայդենը մինչդեռ հրաժարվում էր խոսել թագաժառանգի հետ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր և մշտապես քննադատել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ թագաժառանգի կողմից։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ չի մեկնում Ջիդդա արքայազն Սալմանին հանդիպելու համար, այլ մասնակցելու է ավելի ընդլայնված ձևաչափով հանդիպումների՝ Պարսից ծոցի վեց երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի առաջնորդների հետ։ Բայդենի և Սաուդյան Արաբիայի դե ֆակտո առաջնորդի հանդիպումը, սակայն, չի բացառվում։