Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան միանում է Պարսից ծոցում պարեկություն իրականացնելու ԱՄՆ նախաձեռնությանը


Տիեզերական արբանյակը գրանցել է դրոնների գրոհը Aramco ընկերության նավթամշակման կենտրոնի վրա, Հարադ, Սաուդյան Արաբիա, 14-ը սեպտեմբերի, 2019թ.
Տիեզերական արբանյակը գրանցել է դրոնների գրոհը Aramco ընկերության նավթամշակման կենտրոնի վրա, Հարադ, Սաուդյան Արաբիա, 14-ը սեպտեմբերի, 2019թ.

Սաուդյան Արաբիան այսօր հայտնել է, որ միանում է Պարսից ծոցում ռազմական պարեկություն իրականացնելու և նավթակիր լցանավերի անվտանգությունն ապահովելու Միացյալ Նահանգների նախաձեռնությանը:

Այդ որոշումը կապված է Սաուդյան Արաբիայի նավթամշակման կենտրոնների վրա վերջերս տեղի ունեցած գրոհների, Պարսից ծոցում լցանավերի առևանգման դեպքերի և տարածաշրջանում լարվածության ընդհանուր աճի հետ:

Իրանի նախագահը հայտարարել է, թե գրոհները Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական հիմնարկների վրա զգուշացում են առ այն, որ Սաուդյան Արաբիան պետք է վերջ տա միջամտությանը Եմենի ներքին գործերին:

Անօդաչու թռչող սարքերով գրոհներն իրականացնելու պատասխանատվությունը ստանձնել են Եմենում դիրքավորված հութի ապստամբները, ովքեր, ըստ Արևմուտքի, գործում են Թեհրանի աջակցությամբ:

Վաշինգտոնը վերջին գրոհների համար Իրանին է մեղադրել, Իրանը կտրականապես հերքել է գրոհներին առնչությունը:

Սաուդյան Արաբիան պնդում է, որ այդ գրոհների ընթացքում իրանական արտադրության կամ Իրանից ստացված զենք է կիրառվել:

«Եմենցիները չեն հարվածել ձեր հիվանդանոցներին, չեն հարվածել դպրոցներին, նրանք հարվածել են միայն ձեր նավթային սեկտորին, դա նախազգուշացում էր», - կառավարության նիստից հետո դիմելով Սաուդյան Արաբիայի ղեկավարներին՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնել է Սաուդյան Արաբիա: Այսօր նա Ջիդդայում հանդիպելու է թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանին և քննարկելու է «Սաուդյան Արաբիայի նավթային կենտրոնների վրա վերջին հարձակումներն ու Իրանի ագրեսիային համատեղ ջանքերով դիմագրավելու խնդիրը»:

XS
SM
MD
LG