Այս շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել և Հորդանան գետի արևմտյան ափ այցելությունների օրակարգի կարևորագույն հարցերից է Էր-Ռիյադի և Թել Ավիվի դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը, ինչը զգալիորեն կընդլայնի Դոնալդ Թրամփի նախագահության տարիների՝ Մերձավոր Արևելքի խաղաղության ծրագիրը։
«Իսրայելի, Մարոկկոյի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները միասին կանգնած են Իսրայելում… Ընդամենը մի քանի տարի առաջ այս հանդիպումն անհնար կլիներ պատկերացնել», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
2020 թվականին պատմական համաձայնագով կարգավորվեցին Իսրայելի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մարոկկոյի և Սուդանի միջև դիվանագիտական հարաբերությունները։ Սա համարվում է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության ամենանշանակալի ձեռքբերումը: «Տասնամյակների պառակտումից և հակամարտություններից հետո մենք նշում ենք նոր Մերձավոր Արևելքի լուսաբացը», - հայտարարել էր Թրամփը:
Արաբական աշխարհը տասնամյակներ շարունակ դիվանագիտական հարաբերություններ չէր հաստատում Իսրայելի հետ` պնդելով, թե այդ քայլին կգնա միայն Պաղեստինի հետ հակամարտության կարգավորումից հետո։ Սակայն տարածաշրջանում Իրանի հետ կապված աճող անհանգստությունը փոխել է իրավիճակը։
Բայդենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ընթացքում կվերահաստատի իր աջակցությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը՝ հիմնված «երկու պետություն» սկզբունքի վրա։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը միաժամանակ լռելյայն ընդլայնում է Մերձավոր Արևելքի խաղաղության ծրագրի իրագործումը:
Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասում է. - «Մենք կարծում ենք, որ դա լավ է տարածաշրջանի համար: Սա լավ է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի անվտանգության շահերի տեսանկյունից»:
Պաղեստինի հարցը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի համար կարևոր նշանակություն ունի, բայց նրա որդին՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, այլ դիրքորոշում ունի, նկատում է Արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Սթիվեն Քուքը։
«Սաուդյան թագաժառանգը գարնանը հայտարարել էր, որ Իսրայելին որպես հավանական դաշնակից դիտարկում է, և ընդգծել էր կարգավորմանն ուղղված քայլերը», - նկատում է Քուքը։
2017 թվականին Թրամփի՝ Էր-Ռիյադից Թել Ավիվ թռիչքից հետո, Սաուդյան Արաբիան արտոնում է Բայդենի՝ Թել Ավիվից առաջին ուղիղ թռիչքը դեպի Ջիդդա։ Սա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է, թեև, Բեյքեր ինստուտի փորձագետ Քրիստիան Քոթս Ուլրիխսենի կարծիքով, կարգավորումը արագ տեղի չի ունենա:
«Այն ավելի ակնհայտ է դառնում և ավելի բարձր մակարդակով է տեղի ունենում: Կարծում եմ՝ սա Սաուդյան Արաբիայի հանրությանը նախապատրաստում է այն մտքին, որ Իսրայելը, որպես այդպիսին, վատ դերակատար չէ», - կարծում է Ուլրիխսենը:
Միջազգային դիտորդները հետևելու են՝ արդյոք Էր-Ռիյադը կարտոնի Թել Ավիվից՝ հաջի ուխտագնացության համար ուղիղ թռիչքները: Հաշվի առնելով մահմեդական աշխարհում Սաուդյան թագավորության դերը, Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի ճանաչումը զգալի ազդեցություն կունենա, նույնիսկ այնպիսի հեռավոր վայրերում, ինչպիսին է Ինդոնեզիան՝ աշխարհի ամենաբնակեցված մահմեդական երկիրը, որը հպարտանում է պաղեստինցիների հետ իր համերաշխությամբ: