«Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է», - «Ազատության» հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, այդ բանակցություններում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը», - վստահ է ՀՀ բանագնացը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, ամբողջական տարբերակը` տեսանյութում.
«Ազատություն». - Ինչի՞ վկայությունն է Փաշինյան-Էրդողան երեկվա հեռախոսազրույցը, կանեի՞ք արդյոք պնդում, որ գործընթացն առարկայական փուլ է մտնում:
Ռուբեն Ռուբինյան. - Նախ մի քիչ հետ գնանք, նախորդ, այսինքն` վերջին հանդիպմանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի և իմ վերջապես հաջողվեց ձեռք բերել առարկայական կոնկրետ պայմանավորվածություններ, այն է` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ստեղծելը և ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելը: Սրանք, բնականաբար, դրական պայմանավորվածություններ են, բայց այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն:
«Ազատություն». - Ի՞նչ է նշանակում շատ արագ, այսինքն` առաջիկա ամիսների՞ն, օրերի՞ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին. քաղաքագետՌուբեն Ռուբինյան. - Ես կարծում եմ, որ տրամաբանական կլինի, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Պայմանավորվածությունը քաղաքական մակարդակով ֆիքսված է, հիմա պետք է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները երկուստեք արդեն տեխնիկական դետալների շուրջ աշխատեն:
«Ազատություն». - Կա՞ գործընթաց այդպիսի, սկսվե՞լ է:
Ռուբեն Ռուբինյան. - Այս պահին դեռ ոչ, բայց շուտով պետք է սկսվի: Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազանգին, դա նշանակում է այն, ինչ նշանակում է, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ունեցել են հեռախոսազանգ և քննարկել են այն, ինչի մասին խոսվում է տարածված հայտարարության մեջ, այսինքն` քննարկել են ընդհանուր կարգավորման գործընթացը, քննարկել են և կարևորություն են տվել մեր ձեռք բերած պայմանավորվածությունների շուտ իրագործմանը և ընդհանուր այս գործընթացն են քննարկել:
«Ազատություն». - Պարո՛ն Ռուբինյան, կա՞ արդյոք միջնորդ, այդ թվում` այս հեռախոսազանգը կազմակերպելու գործում:
Ռուբեն Ռուբինյան. - Ո՛չ:
«Ազատություն». - Ենթադրաբար նաև երեկվա հեռախոսազրույցը Դուք և Սերդար Քըլըչն եք նախապատրաստել: Դիտարկվո՞ւմ է նաև Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում:
Ռուբեն Ռուբինյան. - Այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա:
«Ազատություն». - Պարո՛ն Ռուբինյան, Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք` գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից, քաղաքական կամքից: Դա կա՞:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցըՌուբեն Ռուբինյան. - Բնականաբար, ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, և դրան կա մի շատ պարզ բացատրություն` Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հենց վաղը: Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի:
«Ազատություն». - Թուրքիայի քաղաքական կամքը չկա:
Ռուբեն Ռուբինյան. - Համենայն դեպս, չկան նախանշաններ պնդելու, որ այսօր երեկոյան սահմանը բացվելու է: