Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ, այս շաբաթ ռուսական բանակի հարձակումներն ու հարվածները ակտիվանալու են։ Պատճառն, ըստ Ուկրաինայի նախագահի, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ Բրյուսելում ծավալվող գործընթանցներն են։
«Ակնհայտ է, որ այս շաբաթ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող թշնամական գործողությունների ակտիվություն է պետք ակնկալել։ Դա օրինակ պետք է ծառայի ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուս եվրոպական պետությունների համար։ Բանն այն է, որ մեկնարկում է պատմական մի շաբաթ։ Դրա ընթացքում մենք կլսենք ԵՄ պատասխանը Ուկրաինայի անդամակցության հայտին։ Մենք արդեն իսկ ունենք Եվրահանձնաժողովի գրեթե դրական որոշումը։ Շաբաթավերջին ակնկալվում է նաև ԵՄ խորհրդի որոշումը», - հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի հայտարարություններին զուգահեռ ռազմական գործողությունները Դոնբասում շարունակվում են։ Ռուսական հարձակման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Սևերոդոնեցկ քաղաքը։
Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ կիրակի երեկոյան և անցած գիշեր ռուսական ուժերը նոր հաջողություններ են արձանագրել՝ գրավելով Սևերոդոնեցկից հյուսիս գտնվող Մետյոլկինո բնակավայրը։
Ըստ Գայդայի, ուկրաինական ստորաբաժանումներն այժմ վերահսկում են միայն Սևերոդոնեցկի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության՝ «Ազոտ» գործարանի տարածքը, որը սակայն, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, ռուսական բանակի կողմից «անդադար ռմբակոծությունների է ենթարկվում»։