Իշխանափոխության հասնելու գլխավոր խնդիրը մնում է չլուծված, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Դիմադրության շարժման ղեկավարներից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է շարժման կառուցվածքի վերափոխման և մարտավարության փոփոխություն։
Սաղաթելյանը մանրամասնեց՝ շարժումը պետք է տարածել Հայաստանով մեկ, ստեղծել մարզային կառույցներ, ինչպես նաև շարժումներ ձևավորել Արցախում և Սփյուռքում, պայքարն ավելի ընդլայնելով` «հասնել ծրագրի վերջնական հաղթնակի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը քննարկում է Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը«Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության գործընթաց», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Բոլոր խոսակցությունները՝ շարժումը դադար վերցնելու, հետքայլի, դրանք ընդամենը խոսակցություններ են։ Մենք ունենք ոչ թե շարժումը դադար վերցնելու, այլ ընդլայնելու ծրագիր, և աշխատանքներն ամբողջությամբ ընթանում են»։
Իսկ թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, Սաղաթելյանի խոսքով, նման քննարկում տեղի չի ունեցել, այս պահին իրենց օրակարգը դա չէ։
Խոսելով շարժման ձեռքբերումներից՝ ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ իրավիճակ փոխվեց՝ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։