Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է․ իշխանական պատգամավոր


Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, այսօր Ազգային ժողովում, 2021-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ամփոփելով ընդդիմության վերջին 40 օրվա գործողությունները՝ Կոնջորյանը շեշտեց՝ ընդդիմություն չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանում իրեն քվեարկած քաղաքացիների առջև։

«Չի կարողանում փաստացի նաև սպասարկել իր պատրականությունները փողոցում, որովհետև մենք տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրն այս վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց այսօր՝ Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով ընդդիմության կողմից։ Եվ ուրեմն, այո՛, խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, և սա շատ կարևոր մտածելու առիթ է բոլորիս համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար», - ասաց պատգամավորը։

Ընդդիմությունը փորձում էր արցախյան հարցն, Արցախն օգտագործել՝ իշխանությունը վերստին զավթելու համար, հայտարարեց Կոնջորյանը՝ շեշտելով՝ ընդդիմության այս «փրկչական» առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է։

«Finita la comedia, հարգելի գործընկերներ և սիրելի հայրենակիցներ», - ասաց իշխող խմբակցության ղեկավարն՝ արձանագրելով․ - «Ընդդիմության այս տխուր վերջաբանն ու տապալումը վկայում է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի մասին»։

Խրհրդարանի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արդեն մոտ երկու ամիս է բոյկոտել են Ազգային ժողովի նիստերն ու փողոցում են՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Շարժման ղեկավարները երեկ հայտարարեցին, որ որոշել են վերափոխել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը և հավաքելու են Ֆրանսիայի հրապարակում մայիսի սկզբից տեղադրված վրանները։ Այսօր վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակն արդեն բաց էր, վրաններն՝ ապամոնտաժված, երթևեկությունը՝ վերականգնված:

Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG