Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից ու պաշտոններից զրկե՞լ, թե՞ ոչ. իշխանականները մտածում են


Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

Անհարգելի բացակայություններ ունեցող ընդդիմադիր պատգամավորների թվի աճին զուգահեռ իշխանականները մտածում են՝ գնա՞լ նրանց մանդատներից, խորհրդարանում պաշտոններից զրկելու ճանապարհով, թե՞ որևէ քայլ չձեռնարկել մեկուկես ամիս փողոցում վարչապետի հեռացումը պահանջող, Ազգային ժողովի աշխատանքներին չմասնակցող ընդդիմության հանդեպ։

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2 շաբաթ առաջ էր ասել՝ որոշում չունեն, բայց ինքը տրամադրված է ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ խմբակցության վերջին՝ երկուշաբթի օրվա նիստում ևս պաշտոնական քննարկում չի եղել, ուղղակի կարծիքներ են փոխանակել։ Աղազարյանն ընդդիմադիրներին մանդատից զրկելու կողմնակից է։

«Չէ՞ որ դա օրինախախտում կարելի է համարել, ոչ հանցավոր եսիմ ինչ, բայց օրինախախտում, հետևաբար, եթե մենք դա չենք անում, նշանակում է՝ ուրեմն մենք պարտակում ենք դա», - ասաց իշխանական պատգամավորը:

«Ազատության» դիտարկմանը՝ «եթե անեք, հնարավոր է լինի տեսակետ, որ քաղաքական հետապնդում եք իրականացնում», Աղազարյանն արձագանքեց, - «քաղաքական հետապնդում իրականացնելու հետ ես համաձայն չեմ, որովհետև չէ՞ որ այդ մանդատից ընդդիմությունը չի զրկվում, կոնկրետ անձն է զրկվում մանդատից և իր փոխարեն գալիս է իր հաջորդ գործընկերը: Այստեղ արդեն գալիս է օրենքի մյուս պահը, որ չաշխատելով արդյոք կարելի է աշխատավարձ ստանալ, օրինակի համար, ինչքան էին մեզ քարկոծում, մի քանի անգամ որ ստանում էինք պարգևավճարները»:

Հակառակ տեսակետ պաշտպանողների փաստարկը ո՞րն է։ Առանց անուններ տալու՝ Աղազարյանը չթաքցրեց. - «Փաստարկներից մեկը հենց այն է, որ կարող է պատահի որոշ շրջանակների կողմից դա ընկալվի որպես քաղաքական հետապնդում, օրինակի համար, էդպիսի տեսակետներ էլ կան: Կա նույնիսկ տեսակետ, որ իրենք իրենց մանդատն այդ ձևով են իրացնում, էդ ձև են հարմար գտել էդ ժամանակահատվածում: Ես համենայնդեպս իմ ուժերի ներածին չափով պայքարելու եմ, որպեսզի ամենաքիչը պաշտոններից հեռացվեն»:

ԱԺ-ի լրատվականի փոխանցմամբ՝ Գարնանային նստաշրջանում քվեարկություններից ամենաշատն անհարգելի բացակայել են բացառապես ընդդիմադիրները։ Օրենքով պատգամավորը մանդատը կորցնելու վտանգի առջև է, եթե մի կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է։

Խորհրդարանից 2 շաբաթ առաջվա պատկերն են փոխանցել. մինչև հունիսի 2-ը տեղի է ունեցել 250 քվեարկություն ու գրանցում, 14 պատգամավորներ՝ 13-ը «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ դրանցից ավելի քան կեսից անհարգելի բացակայել են։ Ամենաշատ բացականերն ունի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 156, բոլորն՝ անհարգելի։ «Հայաստան»-ից ամենաշատ բացակայողն Էլինար Վարդանյանն է՝ 188 բացակա ունի, դրանցից միայն մեկն է հարգելի համարվել։ Տվյալները կամփոփվեն հաջորդ ամիս։

Մանդատներից զրկել-չզրկելու վերջնական որոշումը կայացնողը Սահմանադրական դատարանն է (ՍԴ)։ Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրած նիստում խորհուրդն է կայացնում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի մեծամասնություն։ Եթե խորհրդի նիստում չի ընդունվում որոշումը, հարցը չի փակվում. առնվազն 22 պատգամավոր դեռ կարող է հավաքվել ու կոլեգայի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ։

Չնայած կարգավորումն օրենքում վաղուց է, բայց բացակայությունների հիմքով պատգամավորին մանդատից զրկելու նախադեպ չի եղել։

«Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը լինելուն, հանձնաժողովի նախագահը լինելուն, այստեղ իրենք պետք է անպայման այդ դիրքերը ազատեն, որովհետև խանգարում են՝ մենք աշխատենք», - ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Խաչատրյանը չնայած կարծում է՝ ընդդիմադիրները իրենք իրենց են դուրս դրել խորհրդարանից, բայց նրանց մանդատներից զրկելու կողմնակից չէ։

«Եթե զրկում ես, փողոց ես քշում», - ասում է Խաչատրյանը։ Բայց նա ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալին, հանձնաժողովների նախագահներին պաշտոնանկ անելու կողմնակից է, իր առաջարկը դա է լինելու։

«Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալը չի գալիս ազգային ժողովը, ուրեմն նրան ազգային ժողովը չի հետաքրքրում և ինքը պետք է պարկեշտություն ունենա՝ անձամբ հրաժարվի, ասի՝ ես ուրիշ բանով եմ զբաղվում: Ոչ թե պատվաբեր մի բան է, այլ աշխատանք է, մարդ պիտի աշխատի, նույնը՝ հանձնաժողովի նախագահը, մենք այդ իրավունքն ունենք և ես կարծում եմ, որ դա կրացնենք», - ընդգծեց իշխանական պատգամավորը:

Եթե նախկինում իշխանականները մանդատներից զրկելու մասին էին խոսում, Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո չեն բացառում, որ պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ կարող են ներկայացնել նաև ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալին հետ կանչելու, ինչպես նաև հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների լիազորությունների դադարեցնելու մասին նախագծեր։

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։ Թույլատրելիի սահմանը հատած անհարգելի բացակայություններ, ըստ ԱԺ-ի, այս պահին նրանցից միայն մեկն ունի՝ տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստան խմբակցությունից Վահե Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ, նույն խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։

«Մանդատները ընդդիմադիր պատգամավորներին տվել են քաղաքացիները և ոչ թե Ալեն Սիմոնյանը կամ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի նրանք էլ որոշեն այդ մանդատների ճակատագիրը», - ասաց «Պատիվ ունեմ»-ից՝ ԱԺ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարող Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ ո՛չ մանդատներից, ո՛չ պաշտոններից զրկելու հարցը չի կարող քննարկվել, քանի որ իրենք խորհրդարանից դուրս պաշտոնական պարտականություններ են կատարել։

«Պատգամավորի աշխատանքը միայն նիստերին ներկայանալը չի կամ հանձնաժողովի նիստերին ներկայանալը չի: Պատգամավորը առաջնորդվում է իր խղճի մտոք և իր համոզմունքներով, ինչպես Սահմանադրությունում է ամրագրված, հետևաբար, որևէ մեկը չի կարող որոշել՝ պատգամավորը խորհրդարանում պայքարի իր մանդատի շրջանակներում, թե գնա փողոցներում պայքարի կամ մարզերում պայքարի: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այս ծրագիրն ընդհանրապես կյանքի կկոչվի: Եթե նույնիսկ այդպիսի փորձ լինի, կարծում եմ, որ մեծապես կձախողվի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Եթե ընդդիմադիրները զրկվեն մանդատներից, նրանց ընտրական ցուցակներից նույն թվով պատգամավորներ կստանան մանդատներ, եթե պաշտոններից՝ ընդդիմադիրները կարող են նոր թեկնածուների առաջադրել։ Իսկ ահա նրանք կընտրվեն, թե՝ ոչ, դա հարց է, Փաշինյանի իշխանությունը այդ պրակտիկան կիրառել է՝ ընդդիմադիրների առաջադրած թեկնածուին մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» ամիսներով չէր ընտրում։

XS
SM
MD
LG