Ընդդիմությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդներից Գեղամ Մանուկյանը։
«Մինչև օգոստոսի 2-ը, երբ որ սահմանադրորեն ժամկետներն են հստակեցվում, որ հնարավորություն են տալիս ընդդիմությանը իմպիչմենտի մասին հայտարարություն անել, այդ ժամանակ նաև կլինի հայտարարություն», - ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը, թե առանց Իշխան Զաքարյանի այլևս մեկ երրորդը չունեն նույնիսկ այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց՝ «խորհրդարանի իշխանական ճամբարում կան շատ գործընկերներ, որ անցնող շաբաթներին որևէ հրապարակային հայտարարությամբ աջակցություն չեն հայտնել ոչ Փաշինյանին, ոչ էլ այն հայտարարություններին, որոնք sms-ով հանձնարարվում են ՔՊ-ական պատգամավորներին»։
«Անկեղծ ասեմ, որ անզեն աչքով էլ երևում է, որ 4-5 կամիկաձե պատգամավորներ կան, որոնք առավոտից գիշեր փորձում են ֆեսբուքյան ստատուսներով, հայտարարություններով աջակցել իշխանությանը», - ասաց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ իմպիչմենտի հարցը, որպես որոշում, որ նախաձեռնելու են, առայժմ օրակարգում չկա, հիմա անցնում են Դիմադրության շարժման կառուցվածքային, կազմակերպական ամրապնդման փուլին, որը շատ ավելի լայն հնարավորություններ է տալու շատ ավելի լայն ազգաբնակչություն ընդգրկելու, որից հետո, նրա խոսքով, արդեն իրավիճակը կթելադրի հետագա գործողությունները։