Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը, սակայն չի վերադառնում խորհրդարան


Հունիսի 15-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակն արդեն բաց էր, վրաններն՝ ապամոնտաժված, երթևեկությունը՝ վերականգնված:
Հունիսի 15-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակն արդեն բաց էր, վրաններն՝ ապամոնտաժված, երթևեկությունը՝ վերականգնված:

Դիմադրության շարժման ղեկավարները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը: Այս մասին երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ վաղվանից հավաքելու են այս հրապարակում մայիսի սկզբից տեղադրված վրանները` հավելելով, որ միշտ, «ցանկության և անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում» կվերականգնեն վրանային ավան:

«Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ: Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած», - հայտարարեց նա:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության առաջնորդներից Սաղաթելյանն ասաց, որ ամենշաբաթյա միջոցառումներ են անելու, այդ թվում` փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն հանրահավաք, երթ, շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, ներառյալ Արցախում, Սփյուռքում և այլն: Մասնավորապես, հունիսի 18-ին նախատեսված է հանրահավաք, որտեղ ներկայացնելու են, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում, իսկ հունիսի 16-ին` երթ:

«Ազատության» հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ վերադառնալու են խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ո՛չ, բացարձակ: Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, ամեն առավոտ հո դրա մասին պետք է չհայտարարեմ, խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, իսկ մեր ու իրենց օրակարգերն այսօր իրար հետ այլևս չեն...»:

Արձագանքելով իշխանության դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ դեպքում չեն հրաժարվում մանդատներից, ԱԺ փոխնախագահն ասաց. «Այդ մանդատն իրենց հոր տնից մեզ չեն տվել, այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, իսկ այսօր ժողովուրդը պահանջում է, որ օր առաջ իրենց հեռացնենք, այսօր ժողովրդի մանդատն ու օրակարգն այստեղ է, ոչ թե խորհրդարանում: Երբ որ դա տարանք խորհրդարան, իրենք խորհրդարանից փախան»:

Այս պայքարի արդյունքում, ըստ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի, հասարակությունն արթնացավ, և վերջնականապես փակվեց այն հարցը, թե Արցախի և Հայաստանի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտերին. «Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում և զիջում պարտադրել, ձևավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում, հանրային տարբեր շերտերի և շրջանակների աջակցությամբ: Փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ` ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու, ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը»:

Իշխան Սաղաթելյանի ներկայացմամբ` Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա, և գլխավոր խնդիրը մնում է չլուծված. «Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը», - ասաց նա` հավելելով. «Մենք հեռացնելու ենք Նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն»:

Չորեքշաբթի առավոտյան Ֆրանսիայի հրապարակն արդեն բաց էր, վրաններն՝ ապամոնտաժված, երթևեկությունը՝ վերականգնված:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG