Մատչելիության հղումներ

10, 20, 30 հազար ցուցարարով անհնար է Հայաստանում հասնել իշխանափոխության. քաղաքագետներ


Հստակ է՝ որ ներկա մարդկանց քանակով՝ 10, 15, թե 20 հազար ցուցարարով անհնար է Հայաստանում հասնել իշխանափոխության, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Հասկանալի է, որ վարչապետը հրաժարական չի տա, և հնարավոր չէ խորհրդարանական մեծամասնությանը ստիպել, հարկադրել կամ համոզել, որպեսզի իրենք անվստահություն հայտնեն վարչապետին, նշեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ ցույցերը շարունակվում են, Հայաստանն էլ աստիճանաբար դառնում է պերմանենտ անկայունության մեջ գտնվող երկիր։

«Ես չէի խոսի քաղաքական ճգնաժամի մասին, բայց մենք ունենք անկայուն իրավիճակ։ Վստահ եմ, որ որևէ մեկն, այդ թվում՝ ընդդիմությունից չի կարծում, որ 10, 15, 20 կամ նույնիսկ 30 հազար մարդու փողոցում հայտնվելով հնարավոր կլինի հասնել վարչապետի հրաժարականին, կամ հնարավոր կլինի խորհրդարանում հասնել նրան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկեն վարչապետի հրաժարականի օգտին։ Հետևաբար այստեղ մնում է երկու տարբերակ։ Տարբերակ մեկ՝ անընդհատ շարունակել ճնշումը իշխանությունների վրա և անընդհատ իշխանություններին պահել լարվածության մեջ։ Կա ավելի վատ տարբերակ՝ ամեն ինչ անել, որպեսզի սկսեն բախումներ՝ հույս ունենալով, որ այդ դեպքում գուցե ստեղծված հավասարակշռությունը փոխվի», - ասաց Բենիամին Պողոսյանը։

Փողոցում պայքարող ընդդիմությունը մանդատներ ունի, իրենք պետք է պայքարեին Ազգային ժողովում, իր հերթին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով՝ այստեղ նաև արտաքին հետք է տեսնում։

«Վերջին շրջանում իրոք հաջողությունների Հայաստանը հասնում է մի շարք հարցերում, հիմա չեմ թվարկի, մի քիչ ավելի ուշ կասեմ, պարզ է՝ դա ինչ-որ խաղացողների դուր չի գալիս։ Հիմա Ռուսաստանին ի՞նչ է պետք, որ մենք էլի զիջումների գնանք։ Քանի որ Թուրքիայի, Ադրբեջանի դերը Ռուսաստանի համար աճում է, Ռուսաստանը մեկուսացված է, Թուրքիան հիմա աջակցում է, բլոկ է անում Ֆինլանդիային, Շվեդիային, դա Ռուսաստանի ուզածով է, Ադրբեջանն ինչ-որ խոստում է տալիս։ Պարզ է Ռուսաստանն էլի բան ուզում է մեզանից կորզի, կառավարությունը դիմադրում է, Ռուսաստանը հասկանում է՝ դրսից ստիպել դժվար է։ Ադրբեջանին ասում է՝ «հարվածի Հայաստանին», Միացյալ Նահանգները զսպում է Ադրբեջանին, Եվրամիությունը զսպում է Ադրբեջանին, հիմա Ռուսաստանը մեր ներսից փորձում է պայթացնել ու ցավու ում, որ դա չեն Հայասկանում մեր, էսպես կոչված, ընդդիմադիրները», - ասաց քաղաքագետը։

Արդեն մեկ ամսից ավելի վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների ու ոստիկանների միջև հունիսի 3-ին բախում տեղի ունեցավ, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Արցախի հարցով տապալված արտահերթ նիստից հետո հայտարարեց, որ իրենք պետք է շարժվեն Ազգային ժողով։ Մինչ այդ ընդդիմադիրները եղել էին կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի կառավարական առանձնատներ։ Սաղաթելյանը այստեղ ոստիկաններին կոչ արեց՝ բացել հարակից Դեմիրճյան փոցողը, ցույցի մասնակից կանանց, աղջիկներին էլ մի կողմ գնալ։ Ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց։ Բախումների հետևանքով 60 քաղաքացի է տուժել, 39-ը՝ ոստիկաններ։ Հարուցվել է քրեական գործ Զանգվածային անկարգությունների հոդվածով։ 13 մարդ ձերբակալվել է։ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում բախումների համար։

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG