Վերջին մեկ տարում Ադրբեջանը միայն մեկ անգամ է թույլ տվել հայ ուխտավորներին մտնել Դադիվանք, այնինչ պատերազմից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր՝ վանքն իր անձնական պաշտպանության տակ է, իսկ Ադրբեջանի նախագահը կանոնավոր պարբերականությամբ հավաստիացնում է՝ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել, չի լինելու:
Քարվաճառ/Քելբաջարը, որտեղ հայ առաքելական միջնադարյան վանական համալիրն է, Ադրբեջանին հանձնվեց 44-օրյա պատերազմից հետո։
«Դա ընդամենը երեսառած ուժի ցուցադրության ինչ-որ մի ակտ է, գործողություն է, որը Ադրբեջանին իր այս հաղթանակի հարբածության մեջ հաճույք է պատճառում», - ասում է Մայր Աթոռի միաբան հայր Ներսես Հարությունյանը:
Հայր Ներսեսը շուրջ մեկ տարի Դադիվանքի վանահայրն էր՝ մի քանի հոգևորականների հետ կղզիացած ապրում էին վանքում՝ ադրբեջանցի զինվորականներով շրջապատված: Հենց վանքի մոտ նաև ռուս խաղաղապահներն են տեղակայված: Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, թե Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ Դադիվանքի հայ հոգևորականներին ռուս հոգևորականներով փոխարինելու համար։
Իմա՞ստը, հարցնում է հայր Ներսեսը. «Ադրբեջանի նախագահը կամ ադրբեջանական կողմը գուցե ինչ-որ քաղաքական ծրագրեր ունի, ինչ-որ բանից ազատվելու միտում ունի այդ կերպ, բայց կարծում եմ, որ լուրջ չէ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական արվեստը, որը Ադրբեջանը կարող է «ջնջել» եկեղեցիներիցԴադիվանքի նախկին վանահայրը շեշտում է՝ ռուս խաղաղապահներն այդտեղ են, որպեսզի վանքը թեկուզ իր մի քանի հայ հոգևորականներով ու թեկուզ առանց ուխտավորների մնա հայկական: Ադրբեջանը Դադիվանքը հնագույն աղվանական եկեղեցի է համարում, որ վերադարձրել են քրիստոնյա ուդիներին, երբեմն ինչ-որ խմբեր էլ են այցելում վանք, հայր Ներսեսի տպավորությամբ, ավանդական եկեղեցու հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ:
«Կրոնական միավորներից էին բերել, որոնք առհասարակ տաճարի գաղափարը չեն ընդունում, առհասարակ խաչի գաղափարը չեն ընդունում, չեմ ուզում ուղղակի անվանումներն ասել այդ կրոնական միավորումների, նրանց հավաքել, բերել էին ուխտագնացություն, և այդ մարդիկ անկեղծորեն իրենք էլ զարմացած էին, թե ինչի էին եկել», - ասում է միաբանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ունի տեղեկություններ, որ Ադրբեջանի նախագահը դիմել է ռուս ուղղափառ եկեղեցուն, որպեսզի վանքը պաշտոնապես ճանաչվի որպես աղվանական. «Այն ժամանակ խոսակցություն էր պտտվում, որ կարող է ռուս ուղղափառ եկեղեցու, որովհետև պատրիարքություն կա, որովհետև Բաքվում հատուկ կարգավիճակ կա, որովհետև Անդրկովկասի համար նշանակվեց հենց հատուկ ներկայացուցիչ, որը արտաքին հարաբերությունների մեծ փորձ ունի և որոշ իմաստով խառը եկեղեցիների ծիսակարգերի վրա ազդեցությունների, խնդիրների և այլն»:
Եթե վանքի հայկականությունը կասկածի տակ դնող որևէ խաղ սկսվի, դա նշանակելու է գործ ունենալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման հետ, ըստ որի մշակութային պատմական արժեքները չպետք է ձևափոխվեն, ոչնչացվեն, շեշտում է Խառատյանը: Հայ հոգևորականներին փոխարինելու թեման, ըստ նրա, հրապարակ է նետվել արձագանքները շոշափելու համար:
«Հենց թեկուզ այն, որ կարծեք, շատ խիստ դժվարացած էր, սահմանափակ էր նույնիսկ հոգևորականների մուտքը Դադիվանք, այլևս չխոսեմ աշխարհիկ բնակչության, որի մասին բարձրագոչ խաղաղապահ զորքերի երկրի նախագահը հայտարարել է` որպես իր մասնավոր հովանավորության պատասխանատվության խնդիր, և դա չի իրականանում, ես կարծում եմ, որ այս խոսակցությունները, այնուամենայնիվ ունեն մի ընդհանուր սնուցող աղբյուր, և այդ աղբյուրում որոշակի պրոցեսներ կան», - նշում է ազգագրագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կպահենք, ինչքան հնարավոր է». Վեց ամիս է՝ Դադիվանքը փակ է մնում հայ ուխտավորների համարՓոքրամասնությունների կրոնական ու ազգային իրավունքների վերաբերյալ ալիևյան հավաստիացումները Խառատյանն առաջարկում է ուղղակի անտեսել: Այդ փոքրամասնությունների ցանկերը, ասում է, փոխվում են ըստ քմահաճույքի` մեկ կան, մեկ չկան: 60 տոկոս թրքալեզու բնակչությամբ է խորհրդային դարձել Ադրբեջանը, այժմ թրքալեզու է բնակչության 90 տոկոսից ավելին: Ո՞ւր են այդ փոքրամասնություններն ու նրանց ազատությունները, հարցնում է ազգագրագետը:
«Դա ալիևյան և երկու ալիևյան` հայր և որդի, քաղաքականության ընդհանուր տրամաբանությունն է և դեռ ավելի խորքերը, որևէ բան այստեղ չի փոխվել, այստեղ մենք անակնկալներ չունենք, ունե՞նք վատի սպասելիքներ, այո», - հավելում է նա:
Դադիվանքից հայր Ներսեսը դուրս եկավ մի քանի ամիս առաջ, այնտեղ հիմա նոր հերթափոխ է։ Հոգևոր ծառայության պայմանները նույնն են` հոսանքը սահմանափակումներով, առանց հեռախոսակապի, շաբաթը մեկ Արցախի թեմից ուղարկվող սննդով:
«Սրտի խնդիր ունեի, - պատմում է հայր Ներսեսը,- ռուսների միջոցով ադրբեջանցիներին դիմեցինք, որ գամ հետազոտության: Պատասխա` թող մեռնի, մեզ ի՞նչ, եկավ ասաց` այսպես են պատասխանել, մենք էլ հակառակ իրենց չենք մեռնում»:
Վաղը հայր Ներսեսի գիրքը տպարանից դուրս կգա՝ «Դադիվանոց ժամագիրք» շարքը հենց Դադիվանքում է գրել. «Ավելի խորհրդավոր էին, ավելի և՛ ավելի շատ երկինք կար, և՛ ավելի շատ իրականություն կար մեր ժամերգությունների մեջ, ավելի շատ Աստծո ներկայություն կար»:
Այսօր էլ Դադիվանքում փակված են մի քանի սարկավագներ ու հայր սուրբը: Ժամերգություններ, պատարագներ՝ ամեն ինչ ըստ եկեղեցական կարգի է՝ միայն չկան ուխտավորներ։