«Դադիվանքի քահանաների ու սարկավագների սննդի հարցը կլուծվի, խնդիրը հոգևոր սնունդն է, որ արգելում են», - ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը: Կիրակի օրը ադրբեջանցիները իրեն ու մի խումբ ուխտավորների արգելել են Դադիվանք մտնել, թույլ չեն տվել վանքի միաբաններին սնունդ փոխանցել։
«Ռուս խաղաղապահների մայորին ասացին` չէ, թույլ չենք տալիս, որովհետև համավարակ է, վերջ» - պատմում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո 5 ամիս է` Դադիվանքի վանական համալիրը հայկական կողմի համար հասանելի էր միայն կիրակի օրը, այն էլ սահմանափակ թվով ուխտավորների համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարության կադրերում ենք տեսնում՝ վանքի արդեն ծաղկող-կանաչող տարածքն ամայի է, մուտքն արգելող նշանի մոտ ռուս խաղաղապահն է, իսկ վանքի ներսում` մի քանի հայ հոգևորականներ: Այս պահին Դադիվանքում 2 կուսակրոն քահանաներ ու 3 սարկավագներ են գրում, կարդում, աղոթում ու սպասում հայ ուխտավորների։ Վրթանես սրբազանի խոսքով` անցած կիրակի էլ, ինչպես միշտ նախապես հաստատված 25 հոգանոց ցուցակով գնում էին վանք, նախատեսել էին նաև ձեռնադրման արարողություն. «Մանվել սարկավագը պիտի ձեռնադրվեր, դառնար կուսակրոն քահանա Դադիվանքի համար»:
Ադրբեջանցիները նախ հորդորել են ցուցակը կրճատել` 10 հոգանոց դարձնել, ապա արգելել ու այդ ամենը հիմնավորել քովիդի համավարակով։ Սրբազանը ենթադրում է` ադրբեջանական կողմը լարվում է, երբ Դադիվանքում որևէ եկեղեցական կարգ է իրականացվում, սահմանափակումները խստացրին նաև այս տարեսկզբին, երբ տեսան վանքում հայկական պսակադրության արարողություն:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տագնապ ունի, թե ի վերջո Դադիվանքը հայերի առջև փակվելու է, թեպետ ասում է` վանքի վերաբերյալ բարձր արտահայտություններ են արվել, և դրանք, պարզվում է, ավազի վրա են. «Կոնկրետ Դադիվանքի դեպքում ահռելի ռուսական ներկայիս կայսրության նախագահը` Ռուսաստանի Դաշնության նախագահն ասաց, որ մասնավորապես Դադիվանքն իր մասնավոր, անձնական վերահսկողության տարածք է, և արդեն քանիցս տեսնում ենք` Ռուսաստանի նախագահի անձնական վերահսկողության պատվի խնդիրն ինչ մակարդակներով է գնում: Դրանք ամոթի բառն ասելու բառ չի»:
Հրանուշ Խառատյանը շեշտում է` հայկական կողմը պասիվ, հայեցողական կեցվածք ունի, հետպատերազմական խնդիրների շարքում նաև Դադիվանքի հարցի վրա պետք է սևեռել միջազգային կառույցների ու վերջին շրջանում կարծես թե ուշքի եկող Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը. «Դադիվանքը կենդանի օրգանիզմ է կենդանի մարդկանց համար և կենդանի մարդկանց կյանքի մաս է: Այդ կենդանի մարդկանց կյանքի մասը կտրելն այսօրվա նույն Լեռնային Ղարաբաղի նույնիսկ այս մնացած տարածքում հայ ներկայացուցիչների, հայ մարդկանց գոյության իրավունքի խնդրի ուղղակի մերժում է նշանակում»:
Հոգևոր մշակութային արժեքները, մարդկանց զգացմունքները քաղաքական օրակարգից դուրս պետք է լինեն, ասում է ազգագրագետը: Այդպիսի օրինակ հենց Արցախն է ցույց տվել. «Ղարաբաղը միշտ հայտարարել է, որ բաց է. ով Շուշիում կարոտել է իր նախնիներին, միշտ կարող է գալ այցելության, նույն Մուսլիմ Մագոմաևին (ադրբեջանցի հայտնի երգիչ և երգահան- խմբ.) քանի անգամ ասել են` եթե կարոտել ես, արի, մենք միշտ պատրաստ ենք ձեզ ընդունել: Շուշիում մզկիթը նորոգեցին վերջապես»:
Խուդավենգ, հնագույն աղվանական եկեղեցի. սա է Դադիվանքի վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական տեսակետը։ Հրանուշ Խառատյանն առաջարկում է չզարմանալ՝ «այդ երկիրը կեղծիքի ագրեսիվ տարածմամբ է զբաղված նույնիսկ ակադեմիական հրապարակումներում»: «Չկա մեր կյանքի մի դրվագ, որ Ադրբեջանինը չլինի, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, Էրիվանն Ադրբեջանի քաղաք է, ընդհանրապես այս տարածքում Ադրբեջանի բնիկ տարածքներ են»:
Արդյոք այս կիրակի Դադիվանքը կբացվի հայ ուխտավորների առջև, Արցախի թեմի առաջնորդը դժվարանում է կանխատեսել. «Մենք երեքշաբթի օրը տալիս անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, թվաքանակ տալիս ենք խաղաղապահներին, իրենք էլ համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ: Իրենք տալիս են համաձայնություն, և նոր այդ համաձայնությունից հետո խաղաղապահները տրամադրում են մեզ տրանսպորտային միջոց, և գնում ենք»:
Վրթանես սրբազանը հույս ունի, որ հարցը կկարգավորվի, Աստծո տան գործերը քաղաքականությանը չեն խառնի, ու հայ միջնադարյան համալիրը չի դառնա հերթական անհասանելի երազանքը հայերի համար։