Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ փորձեն վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին. Դավիթ Բաբայան


Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ասում է, որևէ դիմում կամ հարցում չեն ստացել առ այն, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնել էին Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

«Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ նաև փորձեն ինչ-որ ձևով վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին` հարձակվել նրանց վրա», - «Ազատության» հետ զրույցում նկատեց Դավիթ Բաբայանը:

Նրա հետ զրույցից մի հատված ստորև.

«Ազատություն». - Ադրբեջանի իրավապահները հայտարարել են, որ սուղ ժամկետներում կալանավորելու են Արցախի նախագահին: Ստեփանակերտը որևէ հարցում, դիմում ստացե՞լ է սրա վերաբերյալ, մասնավորապես ռուսական կողմից. ինչո՞ւ են հանկարծ հիշել Արայիկ Հարությունյանին:

Դավիթ Բաբայան. - Ռուսական կողմը, կարծում եմ, այստեղ ճիշտ չէ նշել, այսինքն` դա Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության մի մասն է, և գիտեք` իրենք ունեն մարդիկ, որոնք որոնման ցանկում են, ես էլ եմ այդ որոնման ցանկում, համար երկրորդն եմ գալիս նախագահից հետո:

Նման քայլերով, իհարկե, Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ նաև փորձեն ինչ-որ ձևով վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին` հարձակվել նրանց վրա: Այս 2-3 տարվա ընթացքում, մինչև դեռևս, հուսով ենք, երկարաձգվի ռուս խաղաղապահների խաղաղապահ առաքելությունը, նրանք մինչ այդ դիմելու են տարբեր ձևի սադրանքների: Եվ սադրանքներից մեկը, ըստ ամենայնի, սա է լինելու, և փորձելու են այսպիսի ձևերով մեկին վնաս տալ, թեկուզ կյանքին սպառնալ, բռնել մեկին, առևանգեն, տանեն, հանրային ինչ-որ ձևով նվաստացնեն և այլն, այսպիսի բաներ, որոնք միշտ իրենք արել են: Այսինքն` սա ահաբեկչական երկիր է և շարունակում է այդպիսի քաղաքականությունը, որը բնական է և սպասելի, այստեղ որևէ նոր բան չկա:

«Ազատություն». - Ես նկատի ունեի, որ գուցե դիմել են ռուսական կողմին միջնորդության համար այդ հարցով:

Դավիթ Բաբայան. - Ո՛չ, այդպիսի բան ընդհանրապես չի էլ կարող լինել, և սա իրենց նախաձեռնությունն է, և ավելին` իհարկե, կան որոշ երկրներ, օրինակ` Թուրքիան, որը նույնպես սատարում է: Մենք չենք կարող, իհարկե այդպիսի նպատակ էլ չունենք, ցանկություն էլ չունենք, բայց նույն Թուրքիայում մեզ հավասար վտանգներ սպառնում են, և մի շարք այլ երկրներում, որոնք հանդիսանում են նրանց դաշնակիցները:

«Ազատություն». - Պարո՛ն Բաբայան, իսկ կապի մեջ ե՞ք ռուսական կողմի հետ Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում, հատկապես Ադրբեջանի արդեն պաշտոնական հայտարարությունների ֆոնին, որ հայկական հետքը կեղծ է, և դրանք վերացնելու են իրենք:

Դավիթ Բաբայան. - Ի՞նչ առնչություն ունեն խաղաղապահները, երբ որ նրանք ոչնչացնում են Արցախի օկուպացված տարածքը: Սա միջազգային հանրության տիրույթում է գտնվում, ՅՈՒՆԵՍԿO-ի, քաղաքակիրթ աշխարհի, և ամեն ինչ կապել ռուսական կողմի հետ, ճիշտ չէ, սա ընդհանրապես իրավիճակը չի արտացոլում: Ռուսական կողմը կանգնած չի Հադրութում, ռուսական կողմի ներկայությամբ չեն ոչնչացնում այս ամեն ինչը, ինչի՞ եք անընդհատ ռուսական կողմը այստեղ նշում:

Սա միջազգային հանրության համար է մարտահրավեր, որի մասին մենք բազմաթիվ անգամ ասել ենք բոլոր միջազգային կառույցներին, որովհետև այն, ինչ կատարվել է, մշակութային ցեղասպանություն է պետական ամենաբարձր մակարդակով: Այստեղ ռուսական կողմն անելիք չունի, որովհետև այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի ռազմակալման տակ, օկուպացիայի տակ, և այնտեղ որևէ այլ ուժ չկա: Ռուսական կողմը, օրինակ, պահպանում է Դադիվանքը, և այո, հենց ռուսական կողմի շնորհիվ է Դադիվանքը պահպանվում, թե չէ վաղուց արդեն ինչ ասես` կանեին մեր սրբավայրի հետ, ինչպես որ իրականացնում են այլ տեղերի:

Երբ պետության նախագահը` ի դեմս Ալիևի, կանգնած մատնանշում է, որ այս հայկական գրությունները պետք է ոչնչացնել, սա քաղաքակիրթ աշխարհի տիրույթում է:

«Ազատություն». - Ադրբեջանը բանակցությունների մասին լսել չի ուզում, Դուք այս համատեքստում Արցախի հետագա ճակատագիրը ինչպե՞ս եք տեսնում:

Դավիթ Բաբայան. - Բնական է, Ադրբեջանը չի ուզենալու բանակցությունները վերականգնի, սա միանշանակ է, իսկ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է. եթե մենք հաստատակամ ենք և միշտ էլ բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել, որ մեզ համար անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա: Հետևաբար պետք է հասկանալ, որ մեզնից է կախված մեր ճակատագիրը. եթե մենք ունենք իմունային համակարգ, եթե մենք ունենք պայքարելու ուժ, հնարավորություն և ցանկություն, ուրեմն մենք պայքարելու ենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG