Մատչելիության հղումներ

«Մենք մենակ ենք մնացել քեզ հետ, Տեր». Դադիվանքի հոգևորականները հայ ուխտավորների են սպասում


«Մենք մենակ ենք մնացել քեզ հետ, Տեր». Դադիվանքում ամենաշատն այս արտահայտությունն ենք օգտագործում, ասում է Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառից վերադարձած Հայր Աթանասը: Դադիվանքում մեկուսացած են 6 հայ հոգևորականներ, մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ են տարածքում և հարյուրավոր ադրբեջանցիներ:

«Մեր պարտքն ենք համարում որպես հայ հոգևորականներ, շեշտում եմ՝ ոչ միայն հոգևորականներ, այլ նաև հայ հոգևորականներ, որ մեր ներկայությամբ մեր սրբությունը պահպանենք այնքան ժամանակ, մինչև հնարավորություն կլինի նորից եկեղեցին իր առաքելության իրական կերպին վերադարձնել», - ասաց ​Աթանաս աբեղա Սարգսյանը:

«Ամենաշատը ուխտավորների կարիք ունենք», - ասում է հայր Աթանասը: Ապրիլի վերջից Ադրբեջանական կողմը հայերի համար փակել է Դադիվանքը, մինչև այդ՝ կիրակի օրերին սահմանափակ թվով հայ ուխտավորների թույլ էին տալիս վանք գալ, աղոթել ու պատարագի մասնակցել: «Մարդկանց կարիքն ունենք», - ասում է հայր Աթանասը՝ հավելելով. «Եկեղեցի բառի թարգմանությունն է ժողովուրդ բառի և մեր ծառայության մեջ թերևս ամենաշատն ունենք ժողովրդի կարիքը»:

Ադրբեջանցիները վանքը հայերի առաջ փակեցին սկզբում պատճառաբանելով, թե քովիդի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան փլուզվել՝ վանք հասնել չեք կարող: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն ասում է՝ հիմա էլ բոլորովին նոր բան են մտածել, ասում են՝ մենք էլ Արցախի տարածքում սրբավայր ունենք՝ պետք է մտնենք, դուրս գանք:

«Կշեռքի նժարների վրա հավասար բան են ուզում դնեն՝ դուք գնում եք Դադիվանք, մեզ էլ թույլ տվեք այս գյուղի, այս սրբավայրը: Ընդհանրապես չկա այդպիսի գյուղ հասկացողություն»,- նշեց Վրթանես սրբազանը:

Ադրբեջանն ասում է՝ Աղբաբան գյուղում սրբավայր ունենք, պիտի այցելենք, գյուղն էլ, ըստ նրանց, Մարտակերտի շրջանում է, Արցախում: Արցախի թեմի առաջնորդը զարմանում է՝ այդ տարածքում ոչինչ երևելի չկա, խիտ անտառից բացի. «Այնտեղ տեսանելի որևէ բան չկա, ես հարցրել եմ և՛ մեր մշակութաբաններին, և՛ հին բնակիչներին, էդ տարածքում չկա: Անգամ խաղաղապահներն են վկայում, որ այնտեղ միայն անտառ է, ուրիշ ոչ մի բան չկա»:

Այժմ ադրբեջանցիները 1,5 կիլոմետրանոց ճանապարհ են սարքում, որ մոտենան իրենց այդպես էլ չերևացող սրբությանը: Վրթանես սրբազանի տպավորությամբ՝ տարբեր պատճառներ ու նախապայմաններ են ստեղծում, որ թույլ չտան հայերի մուտքը Դադիվանք: Թեմի առաջնորդը շատ կարևոր է համարում, որ տեղում ադրբեջանական օղակի մեջ ապրող հայ հոգևորականները անկախ նրանից, որ ոչ մի այցելու չունեն՝ ամենօրյա ժամերգություններն ու ամենշաբաթյա պատարագները կանոնավոր մատուցում են:

«Խաղաղապահները արդեն սովոր են, որ մեզ կարող են օրվա տարբեր ժամերին տեսնել վանքում աղոթելիս», - նշեց Աթանաս աբեղա Սարգսյանը:

Հայր Աթանասը Մայր աթոռի ամենաերիտասարդ կուսակրոն քահանան է, ամուրի մնալու ուխտով, ընդամենը 27 տարեկան է, մի քանի օր առաջ է Դադիվանքից Երևան եկել, շուտով կվերադառնա: Այս ընթացքում ստացել է Վեհափառ հայրապետի օրհնությունն ու գնահատանքի խոսքեր լսել դժվար պայմաններում ծառայելու համար։

Մեկուսացվածությունից ու այցելուներ չունենալու դժվարությունից բացի՝ Դադիվանքում նաև պայմաններն են դժվար՝ մշտական հոսանք չունեն, հեռախոսակապ՝ նույնպես, սնունդ, բարեբախտաբար, խաղաղապահների միջոցով Մայր աթոռը, Արցախի թեմը կարողանում են ուղարկել, հայ սուրբերն էլ կարողանում են ճաշ պատրաստել, ժպտում է աբեղան. «Հայր սուրբերը բավականին շնորհալի են պատրաստելու, թերևս ինձ մոտ չի ստացվում առայժմ: Փորձ ունեցել եմ մենակ ապրելու, բայց այն ժամանակ էլ չէր ստացվում, հիմա հայր սուրբերն այնտեղ միասին ծառայակից եղբայրները բավականին համեղ ճաշեր փորձում են պատրաստել»:

Հայր Աթանասը թարմ լուսանկարներ ունի Քարվաճառից՝ փարթամ կանաչն է, ինքը մենակ՝ թե՛ եկեղեցու կանաչ դրսում, թե՛ ժամերգության ժամանակ: Հայ հոգևորականները Դադիվանքի պարիսպներից դուրս գալ չեն փորձել, անտառ չեն մտել, քիչ ներքև Թարթառի ափ չեն հասել. չեն ուզում որևէ լարվածություն ստեղծել:

«Անտառը, որը մեզ շատ մոտ է և գետը, որի խշշոցը լսում ենք ամեն օր, ամեն պահ, ամեն վայրկյան, սակայն այդ ամեն ինչը մենք կարողանում ենք լսել, բայց ոչ ֆիզիկապես հաղորդվել», - նշեց Աբեղան:​

Ասում է՝ վանքից հեռու էլ՝ ականջներում չի լռում Քարվաճառի թռչունների ձայնը, որ իրենց աղոթքներին է խառնվում. «Մենք մենակ ենք մնացել քեզ հետ, Տեր»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG