Ամերիկայում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ հերթական արյունալի միջադեպը: Մերիլենդի նահանգում բետոնե արտադրանքի սարքավորումների Colombia Machine Incorporated գործարանի մի 23-ամյա աշխատող կրակ է բացել գործընկերների վրա: Սպանվել է երեք մարդ, մեկը ծանր վնասվածք է ստացել:
Հարձակվողը, որի անունը չի հաղորդվում, փորձել է մեքենայով փախուստի դիմել, սակայն նրան հետապնդած իրավապահի հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել և ձերբակալվել է: Իրավապահը նույնպես վիրավորվել է:
«Կասկածյալի մեքենան կանգնեցրել է Մերիլենդի ոստիկանությունը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Mapleville Road ավտոճանապարհին»,- ասել է Մերիլենդ նահանգի Վաշինգտոնի շրջանի ոստիկանապետ Դագլաս Մալենդորը:
Նրա խոսքով՝ վիրավորումներ ստացած կասկածյալը և ոստիկանը հիմա հիվանդանոցում են:
Ոստիկանապետը միայն հաստատել է, որ կասկածյալը Colombia Machine Incorporated արտադրամասից է և ատրճանակով է կրակ արձակել:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանություն տվեց զենքի վերահսկման օրինագծին, որը բարձրացնում է կիսաավտոմատ հրազենի գնորդների տարիքային շեմը՝ 18 տարեկանից հասցնելով 21-ի, սակայն, ինչպես հաղորդվում է, նախագիծն օրենք դառնալու քիչ շանսեր ունի:
Վերջին շաբաթներին հրազենի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունեցել ԱՄՆ Նյու Յորք, Օկլահոմա և Տեքսաս նահանգներում: Տեքսասի Յուվալդի ավանի դպրոցում հրաձգության հետևանքով սպանվել է 19 աշակերտ և 2 ուսուցիչ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը զենքի վերահսկման օրինագիծ է ընդունել