Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բանավիճում են զենքի մասին օրենքների խստացման շուրջ


ԱՄՆ, Տեքսաս նահանգ - Յուվալդիում սգում են տարրական դպրոցի վրա զինված հարձակման զոհերի համար, 27-ը մայիսի, 2022թ.
ԱՄՆ, Տեքսաս նահանգ - Յուվալդիում սգում են տարրական դպրոցի վրա զինված հարձակման զոհերի համար, 27-ը մայիսի, 2022թ.

Տեքսաս նահանգի դպրոցներից մեկում ողբերգական հրազենային հարձակումից հետո Միացյալ Նահանգներում վերստին ակտիվացել են զենքի մասին օրենքների խստացման շուրջ լարված բանավեճերն ու թեժ քննարկումները։

Երեքշաբթի օրը 18 տարեկան մի պատանի 19 դպրոցականի և 2 ուսուցչի է սպանել Յուվալդի քաղաքի տարրական դպրոցում։

Այս ամիս հրազենային հարձակում էր եղել նաև Նյու Յորքում, այնտեղ էլ 10 մարդ էր սպանվել։

Ամերիկյան Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չաք Շումերը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ օրենսդիրները պետք է պատրաստ լինեն քվեարկել զենքի մասին օրենքները փոփոխության ենթարկելու նախագծի օգտին։ Օրենսդիրները Վաշինգտոն կվերադառնան հաջորդ շաբաթ՝ Հիշատակի օրվա արձակուրդից հետո։ Դեմոկրատ Շումերը պարզաբանել է, որ հետաձգել է օրինագծի քվեարկությունը, քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել խստացումներին դեմ արտահայտվող հանրապետականների հետ բանակցություններին։ Նա, սակայն, լավատես չէ, որ հանրապետականները կփոխեն իրենց դիրքորոշումը։

Առաջիկա ընտրություններում Տեքսասի նահանգապետի դեմոկրատ թեկնածուն գործող հանրապետական նահանգապետին էր մեղադրել, թե նահանգում վերջինիս կողմից զենքի օրենքների մեղմացումն է հանգեցրել այս ողբերգությանը։

Հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը հակադարձել էր, թե զինված անձը հարձակումից առաջ ոչ ադեկվատ վարքագիծ չի դրսևորել։ Էբոթը կոչ էր արել ավելի մեծ ուշադրություն և աջակցություն տրամադրել հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող ծառայություններին՝ զենքի մասին օրենքները խստացնելու փոխարեն: «Ցավով եմ ասում, բայց Չիկագոյում բոլոր հանգստյան օրերին ավելի շատ մարդ է սպանվում հրազենից, քան Տեքսասի դպրոցներում։ Եվ սա պետք է գիտակցեն բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե խստացումներով այս խնդիրը կլուծվի», - ասել է Տեքսասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսին նոր օրինագիծն ընդունել։ «Որպես ազգ մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ե՞րբ ենք մենք, ի սեր Աստծո, անելու այն, ինչ պետք է անենք՝ եթե ոչ ամբողջությամբ կանգնեցնենք, ապա գոնե հիմնովին նվազեցնենք սպանությունների թիվը», - ասել է Բայդենը:

Դեմոկրատ օրենսդիրներն ասում են, որ այժմ գործուն քայլերի ժամանակն է։ «ԱՄՆ-ի հրազենային համաճարակն աննկարագրելի է, աշխարհի ոչ մի այլ երկրում նման տվյալներ չկան: Ոչ մի ամերիկացի ապահովագրված չէ։ Ամերիկացի ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է սրանից», - ասել է Չաք Շումերը:

Նախկինում զենքի մասին օրենքները խստացնելու դեմոկրատների ջանքերը ձախողվել են։ Դեմոկրատական սենատոր Քրիս Մըրֆին ասում է. - «Պատճառը զենքի արդյունաբերությունն է: Զենք արտադրող ընկերությունները ցանկանում են դադարեցնել զանգվածային հրազենային հարձակումներից հետո օրենքները խստացնելու, փոփոխելու մասին ցանկացած քննարկում, քանի որ նրանք լավ գիտեն, որ դա այն պահն է, երբ հասարակությունը քաղաքականության փոփոխություն է պահանջում»։

Հանրապետականներն ընդունում են ողբերգության մասշտաբները։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն ասում է. - «Բարդ է բառերով նկարագրել այս անմիտ դաժանությունը, որը խլեց անմեղ երեխաների կյանքերը»։

Հանրապետականները, սակայն, միաժամանակ զգուշացնում են, որ առաջարկվող փոփոխությունները սահմանափակում են ամերիկացիների զենք կրելու սահմանադրական իրավունքը։

Տարիներ շարունակ նույնիսկ զանգվածային զինված հարձակումներին հաջորդած բողոքի ցույցերը չեն կարողացել ստիպել Կոնգրեսին քվեարկել սահմանափակումների օգտին։ Առայսօր հանրապետական կոնգրեսականների մեծ մասը դեմ է այդ խստացումներին։ Ըստ Pew հետազոտական կենտրոնի 2021-ի հարցման՝ ամերիկացիների կեսը զինված բռնությունները լուրջ խնդիր է համարում։

Դեմոկրատների և հանրապետականների մեծ մասը կողմ է, որ մասնավոր անձինք զենք գնելուց առաջ անհատական ստուգումներ անցնեն։ Թեև նախագահ Բայդենն իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել էր զենք կրելու իրավունքին կողմնակից լոբբիստական տարբեր խմբերին դիմադրելու անհրաժեշտությունը, ըստ OpenSecrets կենտրոնի, Միացյալ Նահանգներում զենքի ամենախոշոր լոբբիստական կազմակերպությունը՝ «Հրազենի ազգային ընկերակցությունը», հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է ծախսում իր քաղաքականությունը Վաշինգտոնին թելադրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG