Հերթական բարձրաստիճան ռուսաստանցի զինվորականի մահը՝ Դոնբասում:
Ռուսաստանյան մի շարք իշխանամետ լրագրողների և լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կիրակի օրը Լուգանսկի մարզում զոհվել է գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը։ Մի շարք տեղեկությունների համաձայն՝ Կուտուզովը վերջին շրջանում իրականացնում էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի՝ այսպես կոչված «Առաջին բանակային կորպուսի» հրամանատարությունը, նախկինում եղել էր 29-րդ համազորային բանակի շտաբի պետ։ Այս մասին վերջին 24 ժամերին սոցցանցերում գրել են Դոնեցկի ամենահայտնի դաշտային հրամանատարներից Ալեքսանդր Խոդակովսկին, Ռուսաստանի պետական հեռուստատեսության հատուկ թղթակից Ալեքսանդր Սլադկովը, ինչպես նաև Դոնբասում գտնվող հայտնի արձակագիր, ազգայնական հայացքներով հայտնի Զախար Պրիլեպինը։
Պաշտոնապես Կուտուզովի մահը Ռուսաստանի ՊՆ առայժմ չի հաստատում։
Զելենսկին պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ այցելել է առաջնագիրծ
Այն նույն ժամերին, երբ հայտնի դարձավ բարձրաստիճան ռուսաստանցի զինվորականի մահվան մասին, Դոնբասում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պատերազմի 104 օրերի ընթացքում դա նրա առաջին այցն էր առաջնագիծ։
«Եղել ենք Լիսիչանսկում և Սոլեդարում։ Թե ինչ էինք մենք բերել զինվորականներին, ես չեմ մանրամասնի։ Իսկ թե ինչ ենք բերել զինվորականներից ձեզ՝ շատ կարևոր մի բան, վստահություն», - դիմելով Ուկրաինայի քաղաքացիներին՝ հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին։
Հարկ է նկատել, որ Զելենսկու այցը ռազմաճակատ կազմակերպվել էր հանգստյան օրերին առաջնագծից ստացվող ոչ այնքան դրական ազդակների ֆոնին։ Անցած շաբաթավերջին Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարում էր, որ ռուսական զորքերին հաջողվել է գրավել Սևերոդոնեցկի 80 տոկոսը։ Կիրակի օրը, սակայն, պաշտոնյան հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ՝ պնդելով, որ ուկրաինական զորքերը անցել են հակահարձակման և այժմ վերահսկում են քաղաքի գրեթե կեսը։
Ուկրաինացի ամենահայտնի ռազմական լրագրողներից մեկը՝ արդեն մի քանի շաբաթ Սևերոդոնեցկում գտնվող Յուրի Բուտուսովը, սակայն, գրեթե ակնթարթորեն հերքեց Գայդայի լավատեսական պնդումները՝ Ֆեյսբուքում գրելով՝ «երկու օր առաջ հակառակորդը հասել է քաղաքի արվարձաններին։ Այս պահին մեր զորքերը պաշտպանում են միայն Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտին և հարող թաղամասը»։
«Իրադրությունը մեզ համար կրկին վատթարացել է». Լուգանսկի վարչակազմի ղեկավար
Այսօր առավոտյան Լուգանսկի վարչակազմի ղեկավարը ստիպված էր խոստովանել՝ «այո, Սևերոդոնեցկի մեծ մասը իրոք ռուսների ձեռքում է»։
«Այժմ իրադրությունը մեզ համար կրկին վատթարացել է։ Մեր տղաները այժմ պաշտպանում են այն դիրքերը, որոնք գտնվում են քաղաքի արդյունաբերական գոտում», - հայտարարում էր Գայդայը։
Սևերոդոնեցկի պաշտպանության հետ կապված ևս մեկ սկանդալային լուրի հեղինակը դարձավ հայտնի կիևցի հեռուստալրագրող Յանինա Սոկոլովան։ Շաբաթ օրը սոցիալական ցանցերում կատարված գրառմամբ՝ նա պնդում էր, որ Սևերոդոնեցկի պաշտպանության հրամանատարական կետում է գտնվում նախագահ Զելենսկու զինակիցներից մեկը՝ Գերագույն ռադայի 34-ամյա պատգամավոր Մարիանա Բեզուհլան, որը «անմիջականորեն մասնակցում է ստորաբաժանումների հրամանատարներին տրվող մարտական առաջադրանքների սահմանմանը»։
Արդեն իսկ հիշատակված Յուրի Բուտուսովը այս տեղեկությունը ևս հաստատեց՝ նշելով, որ Բեզուհլայի անվտանգությունը Սևերոդոնեցկում ապահովում են մի քանի բարձրաստիճան ուժայիններ։ «Նրանց, այդ առաքելությունը կյանքի կոչելու համար ազատել են հիմնական պարտականությունների կատարումից», - պնդում էր Բուտուսովը։
Ինքը՝ սկանդալի կիզակետում հայտնված պատգամավորուհին, այս տեղեկատվությունը չհերքեց՝ նշելով միայն, որ հրամանատարական կետում է գտնվում «վերահսկելու և օժանդակելու նպատակով»։
Ռուսական ուժերը հարձակումը շարունակում են միանգամից մի քանի ուղղություններով. Ուկրաինայի ԳՇ
Ուկրաինայի Գլխավոր շտաբի այսօր տարածած ամփոփագրի համաձայն՝ ռուսական ուժերը հարձակումը շարունակում են միանգամից մի քանի ուղղություններով։
«Զավթիչները շարունակում են գրոհել Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Այստեղ հակառակորդը ականանետեր և տարբեր տրամաչափի հրետանի է կիրառում։ Շարունակվում են գրոհները Բախմուտ-Լիսիչանսկ ավտոճանապարհի մերձակայքում։ Լիմանի ուղղությամբ հակառակորդը հրետանի օժանդակությամբ հարձակվում է [Սլավյանսկից հյուսիս գտնվող] Սվյատոգորսկի շրջանում», - հայտարարում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։
Մոսկվան իր հերթին հայտարարում է՝ ռուսական զորքերի առաջխաղացումը ուղիղ համեմատական է լինելու Ուկրաինա առաքվող արևմտյան հրետանու հեռահարությանը։
«Որքան ավելի հեռահար լինի ձեր մատակարարած սպառազինությունը, այնքան մեր տարածքից ավելի հեռու ենք տեղաշարժելու այն գիծը, որից նեոնացիստները կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը», - այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, դիմելով արևմտյան պետությունների ղեկավարներին, հայտարարում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։