Հստակ է՝ որ ներկա մարդկանց քանակով՝ 10, 15, թե 20 հազար ցուցարարով անհնար է Հայաստանում հասնել իշխանափոխության, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Հասկանալի է, որ վարչապետը հրաժարական չի տա, և հնարավոր չէ խորհրդարանական մեծամասնությանը ստիպել, հարկադրել կամ համոզել, որպեսզի իրենք անվստահություն հայտնեն վարչապետին, նշեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ ցույցերը շարունակվում են, Հայաստանն էլ աստիճանաբար դառնում է պերմանենտ անկայունության մեջ գտնվող երկիր։
«Ես չէի խոսի քաղաքական ճգնաժամի մասին, բայց մենք ունենք անկայուն իրավիճակ։ Վստահ եմ, որ որևէ մեկն, այդ թվում՝ ընդդիմությունից չի կարծում, որ 10, 15, 20 կամ նույնիսկ 30 հազար մարդու փողոցում հայտնվելով հնարավոր կլինի հասնել վարչապետի հրաժարականին, կամ հնարավոր կլինի խորհրդարանում հասնել նրան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկեն վարչապետի հրաժարականի օգտին։ Հետևաբար այստեղ մնում է երկու տարբերակ։ Տարբերակ մեկ՝ անընդհատ շարունակել ճնշումը իշխանությունների վրա և անընդհատ իշխանություններին պահել լարվածության մեջ։ Կա ավելի վատ տարբերակ՝ ամեն ինչ անել, որպեսզի սկսեն բախումներ՝ հույս ունենալով, որ այդ դեպքում գուցե ստեղծված հավասարակշռությունը փոխվի», - ասաց Բենիամին Պողոսյանը։
Փողոցում պայքարող ընդդիմությունը մանդատներ ունի, իրենք պետք է պայքարեին Ազգային ժողովում, իր հերթին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով՝ այստեղ նաև արտաքին հետք է տեսնում։
«Վերջին շրջանում իրոք հաջողությունների Հայաստանը հասնում է մի շարք հարցերում, հիմա չեմ թվարկի, մի քիչ ավելի ուշ կասեմ, պարզ է՝ դա ինչ-որ խաղացողների դուր չի գալիս։ Հիմա Ռուսաստանին ի՞նչ է պետք, որ մենք էլի զիջումների գնանք։ Քանի որ Թուրքիայի, Ադրբեջանի դերը Ռուսաստանի համար աճում է, Ռուսաստանը մեկուսացված է, Թուրքիան հիմա աջակցում է, բլոկ է անում Ֆինլանդիային, Շվեդիային, դա Ռուսաստանի ուզածով է, Ադրբեջանն ինչ-որ խոստում է տալիս։ Պարզ է Ռուսաստանն էլի բան ուզում է մեզանից կորզի, կառավարությունը դիմադրում է, Ռուսաստանը հասկանում է՝ դրսից ստիպել դժվար է։ Ադրբեջանին ասում է՝ «հարվածի Հայաստանին», Միացյալ Նահանգները զսպում է Ադրբեջանին, Եվրամիությունը զսպում է Ադրբեջանին, հիմա Ռուսաստանը մեր ներսից փորձում է պայթացնել ու ցավու ում, որ դա չեն Հայասկանում մեր, էսպես կոչված, ընդդիմադիրները», - ասաց քաղաքագետը։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․