Վաղը ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից խորհրդարան կվերադառնան՝ արտահերթ նիստ անելու։ Իշխող մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի ընդդիմության նախաձեռնած նիստին, իսկ սա նշանակում է, որ այն կտապալվի։
«Գնալու ենք, որ փաստենք՝ իշխանությանը չի հետաքրքրում պետության անվտանգության օրակարգը», - ասում է «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին
«Ներկայացրեցինք այն կարևոր և գլխավոր սկզբունքները, կարմիր գծերը, որից շեղումը նշանակում է Արցախի կորուստ, հայաթափում և առհասարակ Հայաստանի պետականության գոյության հարց է դրվում: Իրենք փախան այդ նիստից», - հայտարարեց Սաղաթելյանը:
Իշխող խմբակցությունից, սակայն, հայտարարում են, որ ընդդիմությունը փորձում է Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով։ Եվ այդ նպատակով էլ արտահերթ նիստ են նախաձեռնել։ Հրապարակում չունեն լսարան, Ազգային ժողովի ամբիոնն են ուզում օգտագործել` որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։
Ընդդիմության նախաձեռնությանն օրերս արձագանքել էր նաև Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այն որակել կեղծ գործընթաց։ Ասել էր՝ ընդդիմադիրները խորհրդարանի միջոցով փորձում են փակուղային դրությունից դուրս գալու ելքեր գտնել:
«Հերթական փորձ է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու: Էն, որ Իշխան Սաղաթելյանը ամեն անգամ բեմից ասում է՝ «ես ժամանակ չեմ ասում», հետո ասում է՝ «72 ժամ, 72 ժամը հո հանկարծակի չեմ ասում, օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք», իրանք չեն հասկանում, որ հենց այդ բառերով իրենց մատնում են, որ տուպիկի առաջ են կանգնած», - ասել էր Սիմոնյանը:
Խորհրդարանի խոսնակը նաև պնդել էր, որ Արցախի բանակցություններին առնչվող գործընթացն առավելագույնս թափանցիկ է, իսկ ընդդիմադիրների մտահոգություններն՝ անհիմն. - «Ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է: Եվ վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի կարծիքը, որը չի ներառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա: Եկեք ընդդիմության ասելիքը, այդ խոսքը մեկընդմիշտ ֆիքսենք, որ դա ընդամենը իրենք իրենց համար ստեղծած իրավիճակից դուրս գալու պատրվակ է»:
Խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հակադարձում է. - «Ալեն Սիմոնյանը ձևակերպել է, ասել է՝ մենք իրավունք չունենք ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև կխանգարենք բանակցություններին, ո՞ւմ են խանգարելու, Ալիևի՞ն»:
Նիստը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական օրակարգով է: Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Ազգային ժողովը հայտարարություն ընդունի, որ բացառվում է կարգավորման որևէ տարբերակ, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում:
«Դու գնում ես բանակցությունների մեր երկրի ու ժողովրդի անունից, դու արդյոք պարտավոր չե՞ս հայտարարել, որ այս կարմիր գծերից ներքև ես լուծում չեմ պատկերացնում», - նշեց Սաղաթելյանը:
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մեկ ամիս է՝ Ազգային ժողովից տեղափոխվել են Ֆրանսիայի հրապարակ, վրաններ են տեղադրել վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ ու երթեր են անում: Պնդում են, թե պայքարը վճռական է, այսօր ակցիաներ ու երթեր չկային, երեկվանն էլ տոնական էր՝ միայն կանայք ու երեխաներ էին մասնակցում: Հնարավո՞ր է մտադրվել են վրանները հավաքել ու խորհրդարան վերադառնալ:
«Քննարկում ենք ոչ թե վրանները հավաքելու, այլ վրանները ավելացնելու հարցը: Վրանները հավաքելու, դադար վերցնելու որևէ հիմք և պատճառ չկա», - նշեց Սաղաթելյանը:
Անգամ ամառվա տապին, երբ մարդկանց փողոցում պահելը դժվար կլինի, միևնույն է՝ չեն նահանջի, վստահեցնում է շարժման առաջնորդը։
«Անշուշտ հաշվի պետք է առնենք, որ կեսօրվա 35 աստիճան շոգի տակ մարդկանց դժվար է փողոցում պահելը, բաներ կան, որ պետք է հաշվի առնենք, բայց դա չի ենթադրում, որ որևէ կերպ պայքարը կանգնելու է, հետ է նահանջելու կամ չի ընդլայնվելու», - հայտարարեց նա:
Ակցիաների սկզբում ընդդիմության առաջնորդները վստահեցնում էին, թե Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, այս կանխատեսումները չիրականացան։ Իսկ ինչի՞ են հասել այս մեկ ամսվա ընթացքում: «Հստակ է, որ արդեն հաջողել է, որովհետև համախմբել է մեր ժողովրդի մի շատ կարևոր հատվածին և այս ճանապարհով գնալու դեպքում իշխանությունը չի կարող դիմանալ», - պատասխանեց Սաղաթելյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունն առաջարկում է Արցախի մասին ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել արտահերթ նիստին
Your browser doesn’t support HTML5