Մատչելիության հղումներ

Արդեն ո՞րերորդ բեկումնային ջրբաժանի օրն են հայտարարում, վերջում մնալու է մեկ վրան. Մարիա Կարապետյան


«Ընդդիմադիրները ցանկանում են, որպեսզի մենք շարունակենք իրենց այն ճանապարհը, որ ներհայաստանյան համատեքստում ասվեն բաներ, որոնք բոլորովին արտացոլված չեն բանակցային գործընթացի փաստաթղթերում: Դա անազնիվ է սեփական ժողովրդի հանդեպ»,- «Ազատության» հետ զրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը` անդրադառնալով ընդդիմադիրների պահանջներին:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Հիմա բովանդակության մասին ընդդիմության հարթակի, որ ասեք` հակամարտության կարգավորման որևէ լուծում չի կարող ենթադրել Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ չեք ասում, տվեք այդ երաշխիքը:

Մարիա Կարապետյան. - Կարո՞ղ են ինձ ցույց տալ նախորդ բանակցային գործընթացի փաստաթղթերում որևէ նման ձևակերպում, այսինքն` ընդդիմադիրները ցանկանում են, որպեսզի մենք շարունակենք իրենց այն ճանապարհը, որ ներհայաստանյան համատեքստում ասվեն բաներ, որոնք բոլորովին արտացոլված չեն բանակցային գործընթացի փաստաթղթերում: Դա անազնիվ է սեփական ժողովրդի հանդեպ, թող ցույց տան, 94 թվականից ի վեր որևէ բանակցված և չստորագրված փաստաթուղթ կա՞, որտեղ այդպիսի արձանագրում է տեղի ունեցել:

«Ազատություն». - Ընդդիմության այդ փաստարկները ես քաղել էի ոչ միայն իրենց բանավոր խոսքից, այլև այն նախագծից, որ խորհրդարան են բերել, ձեզ էլ հրավիրել արտահերթ նիստի, որը, դուք արդեն հայտարարել եք, որ մերժում եք` որակելով այն քաղաքական շանտաժ: Ինչո՞ւ է շանտաժ, տիկի՛ն Կարապետյան: Ընդդիմության իրավունքն է, իրավունքի ուժով նիստը գումարվել է, գնացեք, քննարկեք:

Մարիա Կարապետյան. - Դա արդեն որերորդ հայտարարությունն է և նույնաբովանդակ: Մեր հանձնաժողովը և Ազգային ժողովն այդ տեքստերը պարբերաբար ստանում են իրենց կողմից: Արձանագրենք սա, երկրորդը` ընդդիմությունը խորհրդարանական դիվանագիտության հարթակները շարունակաբար բոյկոտում է, այսինքն` այն խոսքը, որը պետք է ասվի Հայաստանից դուրս, չեն գալիս ասելու Հայաստանից դուրս, դրա փոխարեն առաջարկում են, որ Հայաստանի ներսում դա ասվի, և սա հիշեցնում կամ ապացուցում է Հայաստանում տարիներ շարունակ գործար այդ գործելաոճը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքաղաքաական, ՀՀ հանրային իշխանությունները ձևավորելու հարց է` իշխանության հարց է, ներքաղաքական հարց է, և մենք դրան ընդառաջ չենք գնալու: Եթե ցանկանում են վերադառնալ խորհրդարան և իրացնել իրենց խորհրդարանականների մանդատը, պետք է դա անեն, կարող են դա անել, բայց այս մոտեցմամբ` իրենց այդ պարբերական նույնաբովանդակ հայտարարությունների, մերժելի է:

«Ազատություն». - Ամենևին, ասում են հակառակը` այդ նիստը` հունիսի 3-ի օրը ջրբաժան է` կամ դուք կգաք, կամ հետո չգիտեմ...

Մարիա Կարապետյան. - Սա արդեն որերորդ ջրբաժանն է: Պարբերաբար են հնչում այդ արձանագրումները, որ մենք իշխանություն չունենք, եկել է ճակատագրի որոշման օրը, կամ ինչ-որ բեկումնային փուլ ենք մտնում, կամ պայքարի նոր փուլ ենք սկսում: Արդեն հետևել հնարավոր չէ, թե որերորդ հերթական նույն գործողությունն է ցիկլիկ տեղի ունենում: Սա դեժավյուների մի անվերջանալի փուլ է:

«Ազատություն». - Իսկ եթե դուք` որպես կառավարող ուժ, քաղաքական մեծամասնություն, ընդառաջ գնաք, և քննարկումը փողոցից տեղափոխվի դահլիճ, այնտեղ ներկայացնեք ձեր փաստարկները: Ի վերջո սա նաև երկխոսության ինչ-որ փորձ կդառնա:

Մարիա Կարապետյան. - Իրենց հայտարարության բովանդակությունն է նախ խնդրահարույց, ասացի` թող ցույց տան` բանակցային գործընթացում որտեղ է արձանագրված այդ դիրքորոշումը այդքան տարիներ շարունակ: Սա ընդամենը փորձ է իրենց մարած շարժման ասեմ, ինչ ասեմ, դժվար էլ է շարժում անվանել, բայց լավ, դրան ինչ-որ մեզ ներքաշելով, բանավեճ ձեռնարկելով ինչ-որ գործողության պատրանք ստեղծել: Չեմ ցանկանում մասնակցել այդ գործողության պատրանքին, ռեալ աշխատանք եթե կցանկանան կատարել խորհրդարանական դիվանագիտության հարթակներում, ապա, այո, կարող ենք աշխատել միասին, թեև ես մղումների առումով էլի մեծ կասկածներ ունեմ: Ինձ թվում է` այսօր, օրինակ, փողոցում թեժացած իրավիճակն առավելապես կապ ունի նրա հետ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի ենթադրաբար ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում:

Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

XS
SM
MD
LG