Խորհրդարանական ընդդիմությունը երբեք նման բան չի ասել, ավելին՝ տրամագծորեն հակառակ օրակարգի կողմնակիցն է. վարչապետի հրաժարականի պահանջով շուրջ մեկ ամիս բողոքի ակցիաներ անցկացնող «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից այսպես են հակադարձում Նիկոլ Փաշինյանի` երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը։
«Տեսնում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչներ նույնպես զարգացնում են այս օրակարգը, ասում են, որ պետք է հարաբերությունների կարգավորման օրակարգը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգից», - երեկ ասել էր վարչապետը:
«Ես, ճիշտն ասած, որևէ իրական ընդդիմադիր սեկտորից գործչի մոտ նման միտք չեմ հանդիպել», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Ըստ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և խաղաղության պայմանագիրը տարանջատելու հայեցակարգային բանավեճը սկսել է միջազգային հանրության շրջանում։
«Փաշինյանը նոր խաբեության հովանոց ունի, առաջ նախկիններն էին, սևերը և այլն, հիմա ինչ հակահայկական գործողություն ասում է, ասում է միջազգային հանրությունը», - հավելեց պատգամավորը:
Տարանջատել Լեռնային Ղարաբաղի հարցը հայ -ադրբեջանական հարաբերություններից, թե՞ ոչ. Փաշինյանն ասում է` այս հարցում դիրքորոշում ունի, բայց այդ մասին կխոսի միայն քննարկումներից հետո, այդ թվում` Ստեփանակերտի հետ։
«Ես պիտի ասեմ, որ սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող դիրքորոշում և տեսակետ է, և այս ընթացքում մենք պետք է քննարկումներ ունենանք, թե այնուամենայնիվ, այս ճամփաբաժանին որ մարտավարական մոտեցումն է ավելի լավը: Ես իմ դիրքորոշումն այս կապակցությամբ ունեմ, իհարկե, բայց ես կարծում եմ, որ այդ դիրքորոշման հարցում մենք կկոնկրետանանք և կվերջնականանք ավելի լայն, մեծ շրջանակների հետ քննարկում ունենալուց հետո, և այստեղ, իհարկե, Արցախի դիրքորոշումը շատ կարևոր և էական է լինելու», - շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:
Արցախի նախագահականից և արտգործնախարար Դավիթ Բաբայանից ողջ օրվա ընթացքում այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու փորձերն ապարդյուն էին։
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փաթեթային և ամբողջական լուծման կողմնակից է: Նա ասում է` տարանջատելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցը ուղղակի օրակարգից դուրս կգա. «Առանձին-առանձին չի լինի, որովհետև հարցը պետք է լուծվի փաթեթային ու պետք է լուծվի ամբողջական, որովհետև այդ խնդիրները միմյանցից տարանջատելով` դա ընդամենը փորձ է` կտոր-կտոր երկիրը հանձնելու»:
«Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, ղարաբաղյան հակամարտություն և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, նորմալիզացումը, ոնց ուզում եք դա անվանեք, իրարից զատելը հղի է մեծագույն պրոբլեմներով, որովհետև նմանօրինակ պարագայում Ադրբեջանի համար առաջնահերթություն է դառնալու, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների, անվանենք, կարգավորման գործընթացը, որը դուրս է մղելու ղարաբաղյան հակամարտությունը, և եթե դա դառնա հիմնական բանակցային օրակարգ, ապա այն քանակությամբ ժամանակ անց պարզապես ադրբեջանական կողմն ասելու է այն, ինչ արդեն իսկ սաղմնային փուլում ասում է` «ղարաբաղյան հակամարտություն գոյություն չունի», Ադրբեջանի մոտեցումն է դա, որը հետագայում կոտրել շատ ավելի բարդ է դառնալու», - համոզված է «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը:
Վարչապետը երեկ ասաց՝ այս հարցը միջազգային հանրությունն է սկսել քննարկել, բայց չմանրամասնեց՝ տարանջատման օրակարգին ավելի շատ ռուսական կողմն է աջակցում, որի խաղաղպահ ուժերը այս պահին Արցախում են, թե Արևմուտքը։ Հայկ Մամիջանյանի կարծիքով` անկախ նրանից, թե ով է առաջ տանում այս օրակարգը, Հայաստանի իշխանությունները պարտավոր են առաջնորդվել պետական շահերով. «Այստեղ որևէ մեկից, բացի սեփական առաջնորդ կոչեցյալից, նեղանալու առիթ մենք չունենք, այսինքն` միջազգային հանրությանը` որպես ամբողջություն, անհրաժեշտ է այս կոնֆլիկտը լուծել»:
Վարչապետ Փաշինյանը երեկ խոստացավ՝ այս թեմայով հանրային քննարկումներ ծավալելուց հետո կհստակեցվի Երևանի դիրքորոշումը, մինչ այս պահը հանրային քննարկման որևէ նախաձեռնության մասին, սակայն, հայտնի չէ։ Արտախորհրդարանական ընդդիմադիր մի քանի ուժերի հետ է վարչապետը պարբերաբար հանդիպումներ ունենում, բայց դրանց հաջորդած հայտարարությունների մեջ այս մասին ոչինչ չկա։