Ավելի քան երեք շաբաթ շարունակված բուռն բանավեճերից հետո ԵՄ անդամ պետություններն ի վերջո ընդհանուր հայտարարի եկան Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Կեսգիշերն անց՝ մոտ տասը ժամ տևած դռնփակ նիստի ավարտին, ԵՄ կենտրոնակայանում հավաքված լրագրողներին պատժամիջոցների փաթեթի համաձայնեցման մասին հայտնեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը։
«Այսօր երեկոյան Եվրոպական խորհուրդը կարողացավ համաձայնության գալ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Եթե ավելի հստակ նշենք, ապա այս փաթեթը նախևառաջ Ռուսաստանում արդյունահանված նավթի ԵՄ պետություններ ներկրման արգելք է նախատեսում։ Կան նաև որոշակի ժամանակավոր բացառություններ, որ վերաբերում են խողովակաշարերով մատակարարվող նավթին», - հայտարարել է Միշելը։
Անգամ հպանցկիկ հայացքը սահմանված պատժամիջոցների ցանկին բավարար է՝ հասկանալու համար, որ գործ ունենք փոխզիջումային փաստաթղթի հետ։ ԵՄ պետությունները, մասնավորաբար, կատարել են պատժամիջոցների գլխավոր ընդդիմախոսների՝ հունգարացիների պահանջը՝ սանկցիոն փաթեթից դուրս թողնելով խողովակաշարերով մատակարվող ռուսական նավթը։ Բուդապեշտում սա ակնհայտ դիվանագիտական հաղթանակն են որակում։
«Մենք կարողացանք չեզոքացնել Եվրահանձնաժողովի այն առաջարկը, որով ռուսական նավթի օգտագործումը Հունգարիայի տարածքում արգելվում էր։ Առանց այդ էլ խնդիրների պակաս չկա՝ էներգակիրների գնի աննախադեպ աճ, բարձր ինֆլյացիա, պատժամիջոցների պատճառով Եվրոպան տնտեսական ճգնաժամի շեմին է։ Նման պայմաններում մենք ավելի թանկ, ոչ ռուսական նավթով պարզապես ի վիճակի չէինք լինի կառավարել հունգարական տնտեսությունը։ Դա հավասարազոր կլիներ մեր տնտեսության վրա նետված ատոմային ռումբի, բայց մենք կարողացանք խուսափել դրանից», - ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքների ավարտին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն էմբարգո սահմանեց Ռուսաստանից ներկրվող նավթի երկու երրորդի վրաՊատժամիջոցների վեցերորդ փաթեթում այլ բացառություններ ևս կան։ Այսպես, Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը այսօր հայտարարեց, որ իր երկրին թույլատրվել է ռուսական նավթից հրաժարվել ոչ թե այս տարեվերջին, ինչպես ԵՄ մյուս պետությունների դեպքում է, այլ սահմանված վերջնաժամկետից մեկ տարի անց՝ 2024-ի դեկտեմբերին։
Bloomberg-ի տեղեկություններով՝ սանկցիոն նոր փաթեթից դուրս է մնացել ԵՄ տարածքում ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի առուվաճառքի արգելքը՝ մի դրույթ, որին կտրականապես դեմ էին նախևառաջ Կիպրոսի իշխանությունները։
Bloomberg-ը նաև հաշվարկել է, թե այս գիշեր ընդունված պատժամիջոցների հետևանքով որքան կորուստ է կրելու ռուսական տնտեսությունը։ Գործակալության վերլուծությունների համաձայն՝ միայն տանկերներով նավթի մատակարարումների վրա սահմանված արգելքի հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը տարեկան մոտ 10 միլիարդ դոլարի եկամուտ կկորցնի։ Բացի այդ, Լեհաստանն ու Գերմանիան խոստացել են, որ մինչև այս տարեվերջ կդադարեցնեն ռուսական նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղավորմամբ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը ևս 12 միլիարդ դոլար կկորցնի։ Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ «Դրուժբայի» հարավային ճյուղավորմամբ Հունգարիա, Սլովակիա և Չեխիա մատակարարվող նավթի հաշվին Ռուսաստանը տարեկան առավելագույնը վեց միլիարդ դոլար կաշխատի։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, չի բացառում, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթներում հերթը հասնի նաև այս մի խողովակաշարին։
«Այժմ ռուսական նավթի մատակարարումների մնացորդը կազմում է 10-ից 11 տոկոս։ Դա այն չափաբաժինն է, որ մատակարարվում է «Դրուժբա» խողովակաշարի հարավային ճյուղավորմամբ։ Մենք, սակայն, պայմանավորվել ենք, որ Եվրամիության խորհուրդն այս թեմային այս կամ այն կերպ կվերադառնա հնարավորինս շուտ», - շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Դադարեցրեք խաղերը և իսկական պատժամիջոցներ սահմանեք Ռուսաստանի նկատմամբ»Արևմտյան փորձագետների համոզմամբ՝ Եվրամիության սահմանած պատժամիջոցների գլխավոր հետևանքը կլինի այն, որ նավթի ռուսական առաքումները հիմնականում կուղղվեն դեպի ասիական շուկաներ՝ նախևառաջ Չինաստան և Հնդկաստան։ Փարիզում գործող Էներգետիկ միջազգային գործակալության տեղեկություններով՝ այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Եթե մարտ ամսին Հնդկաստանը օրական 274 հազար բարել նավթ էր գնում Ռուսաստանից, ապա ապրիլին այդ ցուցանիշը գրեթե եռապատկվեց՝ հասնելով 627 հազար բարելի։ Այլ հարց է, սակայն, որ ասիական շուկաներում ռուսական նավթը գրավիչ է դառնում նշանակալի զեղչի շնորհիվ։ Այսպես, Հնդկաստանը ապրիլին ռուսական նավթի մեկ բարելի դիմաց վճարում էր 70 ամերիկյան դոլար՝ շուկայական 118-ի դիմաց։
ԵՄ կողմից սահմանված նոր պատժամիջոցները զուտ էներգետիկ ոլորտով չեն սահմանափակվել։ Եվրոպական պետությունները նաև որոշել են միջբանկային վճարումների SWIFT համակարգից անջատել Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ «Սբերբանկը»։ Բացի այդ, ԵՄ տարածքում արգելվում է ռուսաստանյան ևս երեք պետական լրատվամիջոցների գործունեությունը։
Your browser doesn’t support HTML5