Բրյուսելում այսօր մեկնարկում է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքը, որի ընթացքում կողմերը կրկին կփորձեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Reuters գործակալությունը արտգործնախարարների հավաքը պատժամիջոցները համաձայնեցնելու «հուսահատ փորձ» է անվանում՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությանը չի հաջողվել հաղթահարել դաշինքի ներսում առկա բոլոր տարաձայնությունները։
Reuters-ի աղբյուրները փոխանցել են, որ կիրակի օրը կայացած նիստի ընթացքում ԵՄ ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի չեն եկել այն փոխզիջումային առաջարկի շուրջ, որի համաձայն պատժամիջոցները սահմանվում են բացառապես ծովային ճանապարհով մատակարվող ռուսական նավթի վրա, իսկ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա, Չեխիա և Սլովակիա առաքվող վառելիքը առժամանակ դուրս է բերվում սանկցիոն փաթեթից։
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո մենք տեսանք թե ինչ կարող է լինել, եթե Եվրոպան միասնական հանդես գա։ Այդ միասնությունը, սակայն, սկսվում է խարխլվել», - նախօրեին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։