«Որևէ երաշխիք չկա, որ Եվրամիությունն այսօր կկարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը», - այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքից առաջ հայտարարել է դաշինքի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ դիվանագիտական փակուղու պատճառը «ԵՄ անդամ որոշ պետությունների կոշտ դիրքորոշումն է»։
Մոսկվայի դեմ սահմանվող պատժամիջոցների նոր փաթեթի առանցքային դրույթը, ըստ դրա հեղինակների, պետք է լինի Ռուսաստանում արդյունահանված նավթի ԵՄ ներկրման ամբողջական արգելքը։ Պաշտոնական Բուդապեշտը, սակայն, պնդում է, որ նման քայլը ծանր հարված կհասցնի Հունգարիայի տնտեսությանը։
Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկրին ռուսական նավթից հրաժարման հետևանքները չեզոքացնելու համար 750 միլիոն եվրո է պահանջվելու։ «Այն լուծումները, որ առաջարկում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեզ համար անընդունելի են», - իսպանական թերթի հետ զրույցում նշել է Սիյարտոն։