Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, երեկ Բրյուսելում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չհստակեցրեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Միշելը:
Սա Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով արդեն երրորդ հանդիպումն էր Բրյուսելում, որը մեկնարկեց երեկ երեկոյան և ավարտվեց կեսգիշերն անց: Բանակցություններից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չպատասխանեցին: Կարճ հայտարարություն արեց միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Ալիևի հետ բանակցելու«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - նշեց Շառլ Միշելը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը չհստակեցրեց` կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշեց, որ փոխվարչապետերը պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիրըՆախորդ անգամ` անցած ապրիլի հանդիպմանն էլ կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են գնալ խաղաղության նախապատրաստման, ընդ որում` արագ տեմպերով: Անցած մեկ ամսում, սակայն, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց հայտնի չդարձավ: Հակառակը, մինչև վերջերս կողմերը հեռակա բանավիճում էին` ինչ սկզբունքներ են լինելու խաղաղության ապագա պայմանագրի հիմքում; Բաքուն, մասնավորապես, առաջարկել է սեփական հինգ կետերը` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ, Հայաստանն էլ՝ հակադարձել` դեմ չէ, բայց համապարփակ կարգավորման համար պետք է նաև Ղարաբաղի կարգավիճակի, այնտեղ ապրող հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը քննարկվեն: Օրեր առաջ «Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե Բաքուն հայկական կողմի առաջարկը դեռ չի ընդունել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Բաքուն միմյանց են մեղադրում կարգավորման գործընթացի ձգձգման համարԱյս ուղղությամբ որևէ առաջընթացի մասին չհաղորդվեց նաև երեկվա երկարատև բանակցություններից հետո: Շառլ Միշելը միայն իր սեփական տեսակետը շեշտեց. - «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է` կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, շեշտելով` Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ: Ըստ Միշելի, Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: