Մատչելիության հղումներ

Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Ալիևի հետ բանակցելու


Նիկոլ Փաշինյանը, Շարլ Միշելը և Իլհամ Ալիևը 2022 թվականի ապրիլի 6-ի Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ
Նիկոլ Փաշինյանը, Շարլ Միշելը և Իլհամ Ալիևը 2022 թվականի ապրիլի 6-ի Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ

Պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Հայաստանի վարչապետը այս կիրակի մեկնում Բրյուսել՝ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը մասին հաղորդագրությունը տարածվեց երեկ, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում էին կարգավորման գործընթացի ձգձգման համար։

Այսօր Իտալիայում անցկացվող Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը. - «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ: Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում»։

Այս նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի արտգործանախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր հանդիպման մասին կողմերը մինչ այս պահը որևէ տեղեկություն չեն հրապարակել։ Բայց հարաբերությունների կարգավորման նույն պատրաստակամության մասին այսօր խոսել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը արդեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստին։ Ասադովը շեշտել է, որ Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը:

Թե ովքեր են հայկական հանձնաժողովի կազմում, Երևանը մինչև օրս չի հստակեցնում։ Պարզ չեն նաև այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով արդեն երկու անգամ է, չի կայանում հանձնաժողովականների հանդիպումը։

Ադրբեջանի վարչապետը նաև պնդել է, թե հայկական կողմը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկը, ինչպես ձևակերպել է՝ «հայկական զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից», դժգոհել է, որ առաջընթաց չկա նաև տրասպորտային ապաշրջափակման հարցում։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Չնայած փոխադարձ մեղադրանքներին, Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կիրակի Բրյուսելում սպասվող հանդիպումից լուրջ բանակցային գործընթացի մեկնարկ է ակնկալում. - «Հայաստանի առջև կա հրամայական, ավելին՝ խաղաղության։ Բայց թե գործող իշխանությունները ինչքանով են պատրաստ այսրոպեական հասարակական տրամադրություններին տուրք չտալու և գնալու նրա հետևից, ինչը որ անհրաժեշտ է Հայաստանին, սա արդեն լրիվ այլ հարց է։ Պետք է արձանագրել, որ ամենայն հավանականությամբ կա բավականին լուրջ բանակցային գործընթաց։ Որովհետև մենք տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով տեղի է ունենում նախահանդիպում ըստ էության։ Սովորաբար նման նախահանդիպումներ տեղի են ունենում, երբ բավականին լուրջ քննարկելու բաներ կան մինչև առաջին դեմքերի հանդիպումը։ Այնպես որ, ինչ-որ սպասելիքներ գուցեև պետք է ունենալ առաջին դեմքերի հանդիպումից Բրյուսելում։ Բայց ես նաև չեմ կարծում, որ խոսքը գնում է մեծ փաթեթի մասին խաղաղության։ Ես ավելի շատ հակված եմ, որ խոսքը գնում է դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացի շուրջ որոշակի առարկայական ձեռքբերումների մասին։ Երկու անգամ արդեն ժամկետ նշվեց։ Մի անգամ եվրոպական ժամկետ նշվեց, հետո ռուսական ժամկետ նշվեց։ Արդեն տպավորություն է ստեղծվում, որ էս երկու պլատֆորմները՝ բրյուսելյանը և մոսկովյանը, միմյանց միջև մտել են մրցակցության մեջ՝ ով միջնորդը կդառնա այս գործընթացի։ Սա իրականում շատ վտանգավոր գործընթաց է Հայաստանի համար, այդ մրցակցությունը երկու պլատֆորմների։ Որովհետև, մի կողմից, կա ահռելի կախվածություն մի պլատֆորմից՝ մոսկովյան պլատֆորմից, բայց մյուս կողմից, ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ շահավետ և շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե լիներ եվրոպական միջնորդությունը»։

Մինչ Հայաստանի արտաքին գերատերչության ղեկավարը նախօրեին Բրյուսելում դժգոհել էր, թե Բաքուն երկրորդ ամիսն է, չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին, Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել էր սահմանազատման հարցով համաձայնեցված հանդիպումները երկու անգամ չեղարկելու համար։ Չուշացավ պաշտոնական Երևանի հերքումը, թե հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Ինչ վերաբերում է առաջարկներին, իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այս ամենից մեկ հետևություն է արել՝ եթե Հայաստանի վեց առաջարկները Ադրբեջանի համար ընդունելի չեն, ուրեմն դրանք իսկապես հայանպաստ են. - «Եվ Ադրբեջանը ամեն կերպ փորձելու է կաշկանդել էդ պրոցեսը, տապալել, խոչընդոտել, որովհետև Ադրբեջանը վստահ տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են Արցախի և Հայաստանի շահերը, որը չի եղել նախկինում։ Հետևաբար Ադրբեջանի խուսափումը գնալ երկխոսության, վկայում է, որ Հայաստանի իշխանությունները հետապնդում են Հայաստանի և Արցախի շահերը»։

Ավելի վաղ Հայաստանը ընդունելի էր համարել Ադրբեջանի 5 առաջարկները։ Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Հայաստանի պատասխան առաջարկները Ադրբեջանը չի ընդունել, նախօրեին հայտնել էր Հայաստանի արտգործնախարարը։ Դրանք իրենց մեջ ներառում են Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությանը վերաբերող դրույթներ։

Իշխանության հեռացումը պահանջող ընդդիմությունը պնդում է, որ Երևանը պատասխան առաջարկների մեջ ավելի հստակ ձևակերպումներ տա, մասնավորապես՝ որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG