«Էս ուսիս վերջին ոսկորը որ կա, այստեղ կոտրվածքն է, մոտավոր 2-3 սանտիմի չափով ոսկորը կոտրվել է ստեղից», - ասում է Կարո Հայրապետյանը։
Նա այս վնասվածքները ստացել է մայիսի 3-ին բերման ենթարկվելիս։ Մի խումբ ցուցարարների հետ փակել էր Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը։ Նրա խոսքով՝ շուրջ տասը ոստիկան ոտքերից, ձեռքերից, գլխից բռնած խցկել են ոստիկանական մեքենա։ Պնդում է, որ ոստիկաններն են պատճառել մարմնական վնասվածքները. - «Ոստիկանները ոչ հանդարտ, վայրագորեն, կարծես թշնամու բերման ենթարկած են»։
Հայրապետյանն ասում է, որ առաջարկել է ինքնակամ նստել ոստիկանական մեքենա ու բաժին ներկայանալ, միայն թե բաց թողնեն ձեռքերը, սակայն չեն համաձայնել ու բռնի տարել են ոստիկանության Նոր Նորքի բաժին. - «Սկորիով ես դուրս ելա բաժինեն»։
Բաժնից ուղիղ հիվանդանոց է հասել ու հետազոտվել։ Ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է, որ Հայրապետյանն աջ ուսագոտու հատվածում կոտրվածք ունի։ Ձախ ուսային հատվածում՝ հոդախախտ։
Կարո Հայրապետյանը դաշնակացական է, մի քանի տարի առաջ է Բեյրութից Հայաստան տեղափոխվել՝ մշտական բնակության։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Մայիսի 1-ից մասնակցում է ընդդիմության ցույցներին, հաճախ բերման է ենթարկվում. - «Մի քանի օր առաջ էր, Զեյթունի «Սիթիի» խաչմերուկը որ կա, էնտեղ փակել էինք, էնտեղ նորեն... ավելի տարբեր վայրագ ձևով։ Իհարկե, ինձ հեշտությամբ չեն կարա տանեն, պետք է մի բան ցավացնեն, մարդկային օրգաններուն խփեց ոտքով, արդեն թուլացա, նորից մի տասը հոգով «Գազել» տարան»։
Ոստիկանության բաժնում պատմել է, որ բերման ենթարկելիս իրեն հարվածել են, անգամ ոստիկանի անունն է նշել, սակայն ընթացք չեն տվել։ Պաշտոնապես կդիմի առաջիկա օրերին։
Թեև վնասվածքները հաստատող փաստերը ձեռքին են, բայց կասկածում է, որ ոստիկանները պատասխանտվության կենթարկվեն։
Մայիսյան ակցիաներից տեսանյութ կա, որ մեկ այլ ցուցարարի բերման ենթարկելիս ոստիկանները հարվածում են նրա գլխին։ Բայց այս դեպքով էլ քրեական գործ չի հարուցվել։
Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել են, թե ընդդիմության ակցիաների և հավաքների ընթացքում ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով 28 ծառայողական քննություն է սկսվել, մեկ դեպք ուսումնասիրվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ փոխանցում են, թե նյութեր նախապատրաստվում են, բայց քրեական գործ դեռ չկա։
Քրեական գործեր հարուցվել են ցուցարարների գործողությունների հետ կապված։ Ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու դրվագով երեք գործ կա։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ չորս ցուցարարի մեղադրանք առաջադրվել, երկուսը կալանավորված են։
Իսկ ինչո՞ւ նույնչափ օպերատիվ չեն զբաղվում ոստիկանների բռնությունների դեպքերով, որոնց մասին տեսանյուերն են պատմում, տարակուսում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը. - «Մենք տեսնում ենք, որ այս բոլոր հետևանքները չեն քննվում, և կարծես թե նույն ոստիկաններին թույլատրված է ուժի անհամաչաձ կիրառումը և քաղաքացիների հանդեպ վիրավորական գործողություններ իրականացնելը»։
Ըստ իրավապաշտպանի, թե' բժշկական հետազոտությունները, թե' տեսանյութերը առերևույթ հանցագործություններ են և ծառայողական քննություններին վաղուց պետք է հաջորդած լինեին քրեական գործերը. - «[Իրավապահ համակարգը] Իշխանության պահպանությամբ է զբաղված և կատարում է, կարծես թե, նրա հրահանգները»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը ոստիկանների ուժի գործադրման որևէ տեսնայութ չի տեսել։ Բայց հակառակը, որ ցուցարարներն են ուժ գործադրում ոստիկանների նկատմամբ, պատգամավորի աչքից չի վրիպել. - «Ես չեմ տեսել կադր, որտեղ ոստիկանը հարվածում ա ցուցարարի գլխին, բայց դրա փոխարեն տեսել եմ կադր, որտեղ հակառակն է, երբ ցուցարարն ա հարվածում ոստիկանի գլխին։ Ես չեմ տեսել կադր, որ ոստիկանները ծեծում են պապիկների անպաշտպան, բայց ես տեսել եմ կադրեր, որ ցուցարարները ծեծում են անպաշտպան, ութսունն անց պապիկների»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել է ևս մեկ անձ«Ոստիկանությունը հենց դրա համար է, որպեսզի ցանկացած պրովոկատիվ դրսևորումներ, ցանկացած խոչընդոտում տարանջատի խաղաղ ակցիաներից և պահպանի այդ ակցիաների խաղաղ բնույթը, շարունակականությունը։ Տեսնում ենք, որ հակառակը՝ ոստիկանությունն է գալիս և բռնություն գործադրում խաղաղ ցուցարարների դեմ», - հակադարձում է Զարուհի Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության ձեռագիրը անփոփոխ է. իրավապաշտպաններ
Իրավապաշտպանը իրավապահների գործողություններին հետևում է տարիներ ի վեր՝ թե' նախկին, թե' գործող իշխանությունների օրոք։ Ասում է, որ իշխանության դեմ բողոքի ակցիաներում նրանց վարքը նույնն է։ Առաջնային է իշխանության պաշտպանությունը, ոչ թե քաղաքացու՝ խաղաղ ցույց անելու իրավունքը կամ հանրային շահը։