Մատչելիության հղումներ

Երևանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները, կան բերման ենթարկվածներ


Իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմադիրների այսօրվա ակցիաները ևս առանց միջադեպերի չանցան։ Ոստիկանությունը կրկին ուժ կիրառեց՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների։

Արցախի հարցում իշխանություններին անհարկի զիջումների համար մեղադրող ընդդիմադիրները այսօր կեսօրին Ֆրանսիայի հրապարակում խմբերի բաժանվեցին և սկսեցին տարբեր ուղղություններով երթեր անցկացնել։ Լարված կետերից մեկը Հաղթանակի կամուրջն էր, որտեղ հրմշտոց էր սկսվել: Այստեղ «Ազատության» տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են ոստիկանները փորձում բերման ենթարկել իրենց նախկին ղեկավարին՝ Վալերի Օսիպյանին։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հենց առաջին օրերին ոստիկանապետ նշանակված Օսիպյանը այժմ մասնակցում է ընդդիմության ցույցերին։ Ավելի ուշ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, թե Օսիպյանն ազատ է արձակվել։

Այդ նույն ժամանակ Բաղրամյան պողոտայով երթ իրականացնող ցուցարարների մեկ այլ խումբ՝ տեղեկանալով՝ ինչ է եղել Հաղթանակի կամրջին, որոշեց Բաղրամյանն ամբողջությամբ փակել, րոպեներ անց այստեղ էին կարմիր բերետավորներն: Ցուցարարների այս խումբն առաջնորդողներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդգծեց՝ ոստիկանության պարտականությունն է ապահովել իրենց խաղաղ ակցիայի իրականացումը, այլ ոչ սա:

«Հստակ է՝ կարմիր բերետավորները օրենքը մի կողմ թողած շարժվում են մեկ մարդու համար՝ շեֆին դուր գալու, կան տեղեկություններ` այդ տեսանյութերը հետո տանում են Նիկոլ Փաշինյանի են ցուցադրում», - ասաց Մանուկյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն էլ էր այնտեղ, նրա կարծիքով ոստիկանները փորձում են վախեցնել մարդկանց. «Բայց միանշանակ կարող եմ ասել, որ դա հակառակ էֆեկտն է ունենում: Ու ինձ թվում է՝ իրենք էլ են զգացել, մենք երեկ էլ, որ երթով իջնում էինք, Հրազդան մարզադաշտի մոտ 33 հոգու բերման ենթարկեցին ու ինձ կարծես հատուկ չարեցին, որովհետև հասկացան, որ հակառակ է իրենց համար աշխատում», - նշեց նա:

Ցուցարարները այնուհետև շարժվեցին Բարեկամության հրապարակ, այնտեղ ևս մի քանի րոպեով փակեցին փողոցները, հետո շարունակեցին քայլերթը Կոմիտասի պողոտայով, այստեղ կրկին իրադրությունը սրվեց: Այս միջադեպից հետո ցուցարարները երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որը փակել են կիրակի օրվանից։

Այս օրերին իշխանությունների հեռացման պահանջով մի քանի ցույցեր են եղել նաև մարզերում, այսօր նաև Գյումրիում է երթ անցկացվել:

Ինչպես նախորդ օրերին այսօր էլ ընդդիմադիրները երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք են անցկացնում։

XS
SM
MD
LG