Մատչելիության հղումներ

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով 3 անձ ձերբակալվել է


Ընդդիմության հանրահավաքը Գյումրիում։ 8-ը մայիսի, 2022
Ընդդիմության հանրահավաքը Գյումրիում։ 8-ը մայիսի, 2022

Գյումրիում ընդդիմության ցույցի ժամանակ տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադելու դեպքով 3 հոգի է ձերբակալվել, միջադեպի մյուս մասնկիցների ինքնությունը դեռ ճշվում է, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ձերբակալվածներից 23-ամյա Տարոն Մանուկյանը ԱԺ-ի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է:

«Հարևանի տղեք են։ Իրար հետ աշխատել ենք, ամեն օր դուս կուգանք, կշփվինք։ Կանգնած խոսում էինք, մեքենաներն էկան, առաջարկություն էլավ մասնակցելու միտինգի, հրաժարվանք, թուրք ըսեցին, հավկիթով մեր կողմից խփեցին, իրանք իջան ու սկսվավ կռիվը», - պատմեց տարեց տղամարդկանցից մեկը։

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին, երբ իշխանափոխություն պահանջող ընդդիմությունն այցելել էր Գյումրի։

Տուժող ճանաչվածներից Մերուժան Յայլոյանը ցուցարարներին հանդիպել էր խանութ գնալու ճանապարհին. - «Խանութն ընտեղ է, ես ուր պըտի էրթայի։ Եթե մե սրիկա կարող է ըսել, որ երեքով կարող էին մեքենաների դեմը փակել, չթողնել մտնեն քաղաք մեքենաները... եթե հնարավոր է, առաջինը ես եմ, փակել եմ ճամփեն»։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի մուտքի մոտ՝ Երևանյան խճուղում: Ավտոերթի ընթացքը քաղաքում պարեկային ծառայության մեքենաներն ուղեկցում էին, սակայն բուն միջադեպի վայրում ոստիակններ չեն եղել: Վեճի մասնակիցներին բաժանել են տարածքով անցնող պատահական մարդիկ:

Արձագանքելով այս միջադեպին՝ ընդդիմության առաջնորդները երեկ պնդել էին, թե սադրանքի զոհ են դարձել․ իրենց վիրավորել են, իրենք էլ ստիպված են եղել արձագանքել։

Նույն պատճառաբանությունը հնչեց նաև անցած շաբաթ, երբ համացանցում տեսանյութ տարածվեց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի մոր մասնակցությամբ։ Տիկինը մի քանի անգամ միջնամատն էր ցույց տվել պատշգամբի տակով անցնող ցուցրարաներին, հետո էլ թքել նրանց ուղղությամբ։

Ավելի ուշ, բացատրելով այս միջադեպը, Սիմոնյանը պնդել էր, թե մայրիկի նյարդերը տեղի են տվել. - «Այո, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել»։

Ակցիաների մեկնարկից ի վեր իրավապաշտպանները հարց են բաձրացնում՝ իսկ ինչո՞վ են զբաղված ոստիկանները, որոնք աշխատավարձ են ստանում հասրաակական կարգը պաշտպանելու համար։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեվոն Բարսեղյանն ընդգծում է՝ իրավական երկրում հարցերը պետք է լուծվեն միայն իրավական ճանապարհով. - «Ինձ թվում է, վստահաբար գիտեմ նաև, որ որևէ մեկը ինքնադատաստանի իրավունք չունի Հայաստանում։ Եթե հայհոյել են ծերունիները, և իրենք վիրավորվել են, կարող են դիմել դատարան, կամ կարող են դիմել դատախազություն»։

XS
SM
MD
LG