Երևանի կենտրոնական հատվածում ընթանում է ընդդիմադիրների երթը: Իսկ մինչ այդ Ֆրանսիայի հրապարակում կարճ ելույթ ունեցավ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Նա անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում ցուցարարի մահվան դեպքին, հայտարարեց, թե նա մահացել է, որովհետև ուշացել է շտապօգնության մեքենան:
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, թե զանգը ստանալուց հետո շտապօգնության մեքենան րոպեներն անց եղել է հրապարակում:
Սաղաթելյանը պահանջեց, որ այսուհետ Ֆրանսիայի հրապարակում լինի շտապօգնության մեքենա: Նա հայտարարեց, որ երթից հետո կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին:
«Սկսենք մեր անհնազանդության, դիմադրության երթը, այնուհետև վերադառնանք հրապարակ, որտեղ հանդես կգանք մի շարք կարևոր ելույթներով, նաև կներկայացնենք մեր պայքարի առաջիկա օրերի անելիքների շատ կարևոր քայլեր ու մանրամասներ», - ասաց Սաղաթելյանը:
Ընդդիմադիրները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Իսկ մինչ այդ ցուցարարները անցան Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցներով, որտեղ տեղակայված են Ազգային անվտանգության և Ոստիկանության շենքերը: Ակտիվիստները կանգ առան Ոստիկանության շենքի մոտ: Ելույթներ ունեցան Իշխան Սաղաթելյանը և պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նրանք քննադատեցին ոստիկանությունը, որ անհնազանդություն ակցիաներ անող ցուցարարներին ուժի գործադրմամբ բերման են ենթարկում՝ հորդորելով ոստիկաններին չենթարկվել իշխանության հրահանգներին: