Արդեն երկու շաբաթ իշխանափոխության պահանջով փողոցներ փակող ընդդիմադիրների այսօրվա ակցիաներն էլ առանց միջադեպերի չանցան, ոստիկանությունը կրկին ուժ կիրառեց:
Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն այսօր էլ մի քանի խմբի էին բաժանվել՝ միաժամանակ դուրս գալով Երևանի տարբեր փողոցներ:
Շենգավիթում՝ Երևանյան լճի մերձակայքում ցուցարարները որոշեցին ամբողջությամբ փակել փողոցը, ոստիկանությունը նախ հորդորեց բացել ճանապարհը, ապա ուժ կիրառեց, հրմշտոց սկսվեց, մի քանիսին այս հատվածից բերման ենթարկեցին:
Նմանատիպ միջադեպեր են գրանցվել նաև այլ թաղամասերում իրականացվող երթերի ժամանակ, իրավիճակը հատկապես լարված էր Նորքում:
Ժամը 16-ի դրությամբ ուժայինները մայրաքաղաքի փողոցներից 61 քաղաքացու են բերման ենթարկել:
Մայիսի 1-ից փակ է Ֆրանսիայի հրապարակը: Արդեն 10 օր այստեղ շուրջօրյա ցույցեր անցկացնող ակտիվիստները պնդում են, թե չեն հեռանա, քանի դեռ իշխանափոխության չեն հասել, Նրանք նշում են, թե հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանը Արցախի հարցում կգնա անհարկի զիջումների:
Պատասխանելով հարցին՝ իրենք ի՞նչ լուծում են առաջարկում, ընդդիմությունը հիմնականում ներկայացնում է, թե ինչ պետք է լինի, բայց թե ինչպե՞ս են դրան հասնելու, առանձնապես չեն մանրամասնում:
Անցած 10 օրերի ընթացքում ոստիկանությունը 100-ավոր քաղաքացիների է բերման ենթարկել, առնվազն 15-ի դեմ քրեական գործ է հարուցվել՝ տարբեր գործողությունների համար: Չնայած ընդդիմության ու իրավապաշտպանների մեղադրանքներին, ինչպես նաև համացանցում տարածված տեսանյութերին՝ բռնություն գործադրող ոստիկաններից որևէ մեկի դեմ մինչ այս պահը քրեական գործ չի հարուցվել: