«Պուտինի նպատակները տարածվում են Դոնբասի սահմաններից դուրս»
Մոսկվայում քչերն են ենթադրել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը մեկ-երկու շաբաթից ավելի կտևի: Մայիսի 11-ն առճակատման 77-րդ օրն է. մայրաքաղաքը գրավված չէ, Կրեմլի ատելության թիրախ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը տապալված չէ:
Ռուսաստանի ղեկավարները պնդում են, որ «հատուկ ռազմական օպերացիայի» բոլոր նպատակները կիրագործվեն, բայց հետզհետե ավելի հստակ է դառնում, որ պատերազմը երկար է տևելու:
Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնզը նախօրեին Սենատում Զինված ուժերի հանձնաժողովում օրենսդիրներին ներկայացրել է փորձագետների տեսակետն Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական ռազմավարության վերաբերյալ:
Հետախուզական կառույցներում ենթադրւմ են, որ առաջիկա մեկ-երկու ամիսները ռուսների համար վճռական կլինեն ռազմական գործողություններին նոր թափ տալու առումով:
Բայց նույնիսկ եթե նրանք հաջողության հասնեն Դոնբասում, դա, ըստ փորձագետների, պատերազմի ավարտ չի նշանակի, քանի որ ռուսների նպատակները տարածվում են Դոնբասի սահմաններից դուրս:
«Մենք ենթադրում ենք, որ Պուտինը պատրաստվում է երկարատև հակամարտության: Նրա ռազմավարական նպատակները չեն փոխվել, Դոնբասի վրա կենտրոնանալու մասին մարտ ամսին նրա հայտարարությունը գնահատում ենք որպես ժամանակավոր փոփոխություն, որի նպատակն է վերականգնել բանակի մարտունակությունը Կիևը գրավելու գործուղության ձախողումից հետո և հետ վերցնել նախաձեռնությունը»,- ասել է Ավրիլ Հեյզը:
«Միջուկային զենքի կիրառման վտանգ այս պահին չկա»
Սենատորները նաև անդրադարձել են ամբողջ աշխարհին հուզող Պուտինի կողմից Ուկրաինայի պատերազմում միջուկային զենք կիրառելու սարսափազդու թեմային:
Ավրիլ Հենյզի համոզմամբ, Պուտինը նախ կիրականացնի մի շարք նախազգուշական քայլեր:
«Եթե Պուտինը մտածի, որ Միացյալ Նահանգներն անտեսում է նրա նախազգուշացումները, նա կփորձի որոշակի ազդակներ տալ Վաշինգտոնին առ այն, որ ամերիկյան օգնությունն Ուկրաինային հասել է վտանգավոր աստիճանի: Նա կհայտարարի միջմայրցամաքային հրթիռների, ծանր ռմբակոծիչների և ռազմավարական սուզանավերի ներգրավմամբ միջուկային լայնածավալ զորավարժություններ: Այլապես մեր համոզմամբ, նա միջուկային զենք կկիրառի, միայն եթե առաջանա անմիջական վրանգ իր ռեժիմին կամ երկրին»,- ասել է Հեյնզը:
Նրա կարծիքով, Պուտինը կարող է միջուկային զենքի դիմել, եթե տեսնի, որ պարտվում է ուկրաինական պատերազմում, և որ ՆԱՏՕ-ն միջամտում է կամ ուր որ է կմիջամտի պատերազմին: Սակայն մինչ այդ դեռ շատ փուլեր կլինեն այս առճակատման ընթացքում:
«Պուտինն ինքն այս պատերազմից ելք չի տեսնում»
Վաշինգտոնում ենթադրում են, որ Մոսկվայում չկան հստակ պատկերացումներ այս պատերազմի հնարավոր ավարտի վերաբերյալ:
Շաբաթասկզբին այդ մասին խոսել է նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով, Պուտինը հավատացել է, թե այդ պատերազմը պառակտում կառաջացնի ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության շարքերում, մինչդեռ, իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ Արևմուտքը սկսել է աննախադեպ լայնածավալ և համակարգված օգնություն տրամադրել Ուկրաինային:
Բայդենի փոխանցմամբ, Պուտինն ամեն բան նախ հաշվարկում է, և հիմա առաջացել է բարդություն՝ Պուտինն ինքը չի տեսնում ելքն այս պատերազմից, դա լուրջ ու վտանգավոր խնդիր է:
«Ես պետք է հասկանամ, թե ինչ անել այս իրավիճակում»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
«Ամերիկան չի սահմանափակի Ռուսաստանի զարգացումը և ազդեցությունը»
Ռուսաստանում պնդում են, թե Արևմուտքն է ամեն ինչ անում այս պատերազմը ձգձգելու համար:
Նախօրեին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու փաթեթը:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր Տելեգրամ ալիքում գրել է, թե Վաշինգտոնն այդ օգնությամբ շարունակում է proxy (միջնորդավորված) պատերազմը Ռուսաստանի դեմ:
«Միացյալ Նահանգները չի կարող սահմանափակել Ռուսաստանի տնտեսական զարգացումը և քաղաքական ազդեցությունն աշխարհում: Ավելի շուտ կջարդվի Վաշինգտոնի փող տպող մեքենան, որի հաշվին Ամերիկան անընդհատ ավելացնում է առանց այն էլ գերագույն չափի հասած պետական պարտքը: Իսկ հատուկ ռազմական օպերացիայի նպատակները կիրականացվեն»,- հավաստիացրել է Մեդվեդևը:
«Այն, ինչ արել է Պուտինը, ոչ միայն վայրագություն է, այլև վախկոտություն»
Ներկայացուցիչների տունը 368 կողմ 57 դեմ քվեների հարաբերակցությամբ է հաստատել փաթեթը:
«Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա, որ այն, ինչ արել է Պուտինը, ոչ միայն վայրագություն է, այլև վախկոտություն: Միայն վախկոտը կասեր, թե գնում է կռվելու և ծննդատուն կհրթիռակոծեր, միայն վախկոտն իր զինվորներին կստիպեր բռնաբարել երեխաներին ծնողների աչքի առաջ և ծնողներին՝ երեխաների աչքի առաջ: Մի օր այդ բանի համար պատասխանատվություն է լինելու: Այն, ինչ տեսնում ենք, քաղաքակիրթ մարդկային կեցվածքի սահմաններից դուրս է: Պուտին: Վախկոտ»,- ասել է Փելոսին:
Ուկրաինայի համար ֆինանսական օգնություն ստանալու Բայդենի հայտում 30 միլիարդ դոլար էր նշված:
Կոնգրեսականները որոշել են գումարն ավելացնել: Փաթեթը պետք է փոխանցվի Սենատ, որը, հավանաբար, այն արագ կընդունի, ապա կներկայացվի նախագահի ստորագրմանը: