Ռուսական ռեզերվները, արժութային պահուստներից սառեցված ակտիվները պետք է բռնագրավվեն և օգտագործվեն Ուկրաինան վերականգնելու համար։ Սա Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի կարծիքն է, որ նա հայտնել է հեղինակավոր Financial Times-ին։
Համեմատականներ տանելով աֆղանական փորձի հետ՝ Բորելն ասել է, որ սա նման մի բան կլինի, ինչ Վաշինգտոնն արեց Աֆղանստանի կենտրոնական բանկի ակտիվների հետ, երբ թալիբները վերադարձան իշխանության։
Մարտին Ռուսաստանը հայտարարել էր, որ պատերազմի պատճառով սառեցվել են մոտ 300 միլիարդ դոլարի իր ակտիվները՝ արտասահմանում երկրի ոսկու և արժույթի պահուստների մոտ կեսը։
«Մենք փող ունենք մեր գրպաններում, և որևէ մեկը թող ինձ բացատրի՝ ինչու է այս տարբերակը լավ աֆղանական փողերի համար և ոչ լավ՝ ռուսական փողերի», - ասել է Բորելը:
Ըստ Եվրահանձնաժողովի գնահատականների՝ Ուկրաինայի վերակառուցման գինը կարող է հասնել հարյուր միլիարդավոր եվրոների։