Լիտվայի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել, որը Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ճանաչում է ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է լիտվական խորհրդարանի կայքէջը։
Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը, որի զինվորականները «գիտակցաբար և համակարգված կերպով ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է»։
Լիտվայի Սեյմասը կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին, օտար պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ ճանաչել և դատական կարգով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած հանցագործությունները մարդկության դեմ։
Կանադայի, Լատվիայի, Էստոնիայի խորհրդարանները ևս ավելի վաղ բանաձևեր և հայտարարություններ են ընդունել, որոնցում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն։
Անցած ամիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում ցեղասպանություն էր անվանել։