Մատչելիության հղումներ

Շառլ Միշելի այցի ժամանակ ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսան. մարտերն Ուկրաինայում շարունակվում են


Ռուսական ուժերը նախօրեին հրթիռակոծել են Օդեսան, երբ այնտեղ էր գտնվում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա հանդիպում էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ։ Երկուսն էլ թաքնվել են ռմբապաստարանում։

«Ռուսական հրթիռներով Օդեսան ռմբակոծվում է գործնականում յուրաքանչյուր օր, ինչպես և այսօր` Շառլ Միշելի հետ մեր այցի ժամանակ»,- Տելեգրամի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետը։

Նրանց բանակցությունների հիմնական թեման ուկրաինական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներն էին։ Ուկրաինայի վարչապետը Շառլ Միշելին տեղեկացրել է, որ ուկրաինական նավահանգիստների շրջափակման հետևանքով Ուկրաինան յուրաքանչյուր օր 170 միլիոն դոլարի վնասներ է կրում։

«90 տոննա գյուղատնտեսական ապրանքներ, որ Ուկրաինան պլանավորել էր արտահանել Ասիայի, Աֆրիկայի ու եվրոպական երկրներ, արգելափակված են»,- ասել է Շմիգալը, նշելով, որ ապրանքների մի մասը հաջողվել է ավտոմոբիլային տրանսպորտով ու երկաթուղով արտահանել, մի մասը մնացել է ռմբակոծվող քաղաքներում, մի մասն էլ ռուսական ուժերն առգրավել են։

Ռուսական օդուժը Օդեսայի վրա յոթ հրթիռ է արձակել, վերջին հրթիռն արձակվել է Մոսկվայում մայիսի 9-ի հրավառությունից հետո։ Այն հարվածել է քաղաքի մոտ գտնվող Ֆոնտանկա գյուղի առևտրի և ժամանցի կենտրոնին։

Պահեստների հրթիռակոծման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Ֆոնտանկայում երեք մարդ է վնասվածքներ ստացել։

Հրդեհները հաջողվել է հանգցնել անցած գիշերվա ընթացքում։

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը, ժամանելով հրթիռակոծության ենթարկված պահեստներ, ասել է, որ դրանք գործող էին, աշխատող մարդիկ կային։ Նա նշել է, որ պահեստները ոչ մի կապ չեն ունեցել ռազմական ենթակառուցվածքների հետ, այդտեղ զինամթերքի պահեստներ չկան և չեն էլ եղել։

«Ահա այսպես ռուսական աշխարհը շնորհավորեց հերոս քաղաք Օդեսայի մայիսի 9-ը»,- ասել է նա։

Ծանր մարտեր` Ուկրաինայի արևելքում

Ուկրաինայի արևելքում ծանր մարտերը շարունակվում են։ Լուգանսկի մարզում շաբաթներ տևած մարտերից հետ ուկրաինական ուժերը դուրս են եկել Պոպասնայա բնակավայրից։ Ռազմաճակատային գիծն արդեն անցնում է Բելոգորովկայի շրջանում։ Դոնեցկի մարզում անցած գիշերվանից հրետակոծությունների ու ավիահարվածների տակ է Ավդեվկա բնակավայրը։ Տեղի ոստիկանության հաղորդման համաձայն` 12 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։

Միաժամանակ ռուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրոսկի մարզերի բնակավայրերին։ Մարիուպոլում ռուսական օդուժի և հրետանու կրակի տակ է «Ազովստալ» գործարանի տարածքը։ Մայիսի 7-ին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ասել էր, որ «Ազովստալից» դուրս են բերվել բոլոր երեխաները, կանայք ու մեծահասակները։

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն այսօր ասել է, որ «Ազովստալի» տարածքում դեռ 100 խաղաղ բնակիչ կա։

ՄԱԿ-ի տվյալներով` Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից` փետրվարի 24-ից մինչև մայիսի 8-ը Ուկրաինայում զոհվել է 3 հազար 381 խաղաղ բնակիչ, այդ թվում` 235 երեխա։

Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարներն Ուկրաինա են այցելել

Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները իրար ետևից այցելում են Ուկրաինայի մայրաքաղաք ու Կիևի մարզի ազատագրված բնակավայրեր, որտեղից ռուսական ուժերը դուրս են եկել։

Այսօր այնտեղ են Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարները։ Ռուսական ներխուժումից մեծապես տուժած Իրպենի մասին Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան Թվիթերի իր էջում գրել է․ «Ռմբակոծված տներն ու շինությունները ցույց են տալիս, թե ինչպես է պատերազմն ազդել այստեղ ապրող տղամարդկանց, կանանց ու երեխաների վրա։ Այդ գործողությունները չեն կարող անպատիժ մնալ։ Նիդերլանդները լի է վճռականությամբ` պարզելու ճշմարտությունն ու հասնելու արդարության»:

Գերմանիայի արտգործնախարարը և Ուկրաինայի գլխավոր դատախազը
Գերմանիայի արտգործնախարարը և Ուկրաինայի գլխավոր դատախազը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը գերմանական կառավարության առաջին ներկայացուցիչն է, որ Ռուսաստանի ներխուժումից հետո այցելում է Ուկրաինա։ Նա եղել է Բուչայում, որտեղ ռուսական ուժերի հեռանալուց հետո հայտնաբերվել էին խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների վկայություններ։

«Մենք պարտավոր ենք ոչ միայն հարգել զոհերի հիշատակը, այլև պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Դա այն է, ինչ մենք պետք է անենք որպես միջազգային հանրություն։ Սա խոստում է, որը մենք կարող ենք և պետք է տանք այստեղ՝ Բուչայում», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Անցած ապրիլի սկզբին աշխարհը ցնցվել էր տեսնելով, թե ռուսական ներխուժման ժամանակ ինչ է կատարվել Բուչայում, երբ հրապարակվեցին իրենց տներում, բակերում, փողոցներում ընկած սպանվածների լուսանկարներն ու տեսանյութերը։ Մոսկվան մեղադրանքները չի ընդունում` ասելով, թե դրանք բեմականացված տեսարաններ էին։

Կիևի մարզում մայիսի 4-ի դրությամբ հայտնաբերվել են սպանված խաղաղ բնակիչների 1235 մարմիններ։

Լիտվայի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել, որը Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ճանաչում է ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Բանաձևում ասված է, որ Ռուսաստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը ձգտում է ոչնչնացնել ուկրաինացի ազգը, ուստի այդպիսի գործողությունները պետք է ճանաչվեն ցեղասպանություն։

Լիտվայի Սեյմում միաձայն ընդունված բանաձը Ռուսաստանը ճանաչում է նաև ահաբեկչական գործողություններ պաշտպանող և իրականացնող պետություն։ Պատգամավորներն իրենց ելույթներում նաև կոչ են արել միջազգային քրեական հատուկ տրիբունալ ձևավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ուսումնասիերելու և գնահատելու համար։ Ապրիլի վերջին Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն էին որակել Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները։

Շառլ Միշելի այցի ժամանակ ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսան. մարտերն Ուկրաինայում շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG