Հայկ Սահարյանին անհնազանդության ակցիաների տարբեր հասցեներից ոստիկանները անընդհատ բերման են ենթարկում, ձեռքի վնասվածքն է ցույց տալիս։ Պնդում է՝ խաղաղ ցուցարար է, բերման ենթարկելու ոչ մի հիմք. - «Ես ոչ մի գործողություն չէի անում, ընդամենը կանգնած էի ժողովրդի մեջ։ Էս էլ երկրորդ օրն ա, ինձ հենց էնպես բերման են ենթարկում։ Երեկ էլ Մասիվի բաժնում եմ էղել»։
Այսօր վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների շարքերից 59 հոգի է բերման ենթարկվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմության այսօրվա ակցիաներն ուղեկցվեցին բախումներով ու բռնություններովՎարդան Նազարյանը Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից դուրս եկավ, նա պնդում է, թե հանգիստ քայլում էր. - «Վեց-յոթ կարմիրբերետավորներ մենակ ինձ են ուզեցել տանեն ու զոռով են տարել, բիրտ ուժ կիրառելով»։
Վարդգես Մանուկյանին նստացույցի վայրից են բաժին բերել. - «Նստած էին, նստացույց էինք անում։ Մի աղջիկ կար, ձեռը միկրոֆոն կար։ Կոշտ, կոպիտ վերաբերմունք ցուցաբերեցին, մոտեցա, ասացի, որ տենց չի կարելի, հավաքեցին ձեռիցս ու տարան»։
Մանուկյանն ասում է, որ ոստիկաններին հասցրել է տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեմ, պատերազմի մասնակից է, և այդպիսով բերման ենթարկելու պրոցեսը փափուկ է անցել։
Երկու օր առաջ Հանրապետության հրապարակում մի խումբ ակցիա էր իրականացնում վարչապետ Փաշինյանի նկարով դիմակներով։ Նրանց էլ բերման ենթարկեցին։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, ոստիկաններին այս ակցիան ընդհանրապես չպետք է հետաքրքրեր. - «Նիկոլ Փաշինյանի դիմակով էլ կարող են լինել, Սերժ Սարգսյանի դիմակով էլ կարող են լինել, Ռոբերտ Քոչարյանի դիմակով էլ կարող են լինել, Պուտինի էլ, Բայդենի էլ, կարող են Էրդողանի էլ, ասենք թե։ Բայց դա չի նշանակում, որ էդ դիմակի համար․․․ դա աբսուրդ է»։
«Ոստիկանության ձեռագիրը անփոփոխ է», - արձագանքում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրանք, ասում է, հաճախ անհամաչափ ուժ են կիրառում ցուցարաների նկատմամբ. - «Գետնին տապալած վիճակում հաճախ մի քանի ոստիկաններով շարունակում են նաև հարվածել, շարունակում են օդում կախված ցուցարարին, որին հեռացնում են տարածքից, բռունցքով դեմքին, որովայնին, գլխին հարվածներ հասցնել։ Դա նորմալ չի ու կապ չունի դրանից առաջ ցուցարարը հայհոյանք է տվել, ինչ-որ գործողոթյուն է արել, արդեն իսկ ինքը ֆիքսված է ու տեղափոխվում է դեպի ոստիկանական մեքենա»։
Ոստիկանությունն, ըստ իրավապաշտպանի, նոր փաթեթավորում է ստացել, բայց ամենևին չի բարեփոխվել՝ Մարտի 1-ի, «Էլեկտրիկ Երևանի» ու Սարի թաղի պատկերն է. - «Նույն ոստիկանությունն է, ուղղակի այն տարբերությամբ, որ երբ որ ստանում են հրահանգ գործել հանգիստ ու հանդարտ, գործում են հանգիստ ու հանդարտ, որ պահին հրահանգ են ստանում՝ ֆիզիկական ուժ կիրառել, այդ պահից իրենք անցնում են անտրամաբանական, անբացատրելի և անհամաչափ ուժ կիրառելուն, ուրիշ ոչ մի տարբերություն չկա»։
Կարապետյանցն ընդգծում է, որ կան դրվագներ, որտեղ ոստիկանական գործողությունները համաժեք են։ «Բաղրամյան, Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարները փորձեցին գնալ բախման, ակնհայտ բախման էին գնում և սադրում էին, ոստիկանությունն իրեն բավականին, գոնե այն պահի դրությամբ, որ ես եմ նայել, բավականին զուսպ ու հավասարակշռված պահեց»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծառայողական քննություն ոստիկանի նկատմամբ՝ ցուցարարին հավանական հարվածի համարՈստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը համաձայն է, որ բարեփոխվելու տեղ ունեն, բայց ընդգծում է՝ անհամաչափ ուժի կիրառման միայն մեկ դեպքով է, որ նյութեր են նախապատրաստվում։ 9 դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել. - «Նույնիսկ քրեադատավարական կարգավորումներով անձին բերման ենթարկելն իրենից ներկայացնում է տվյալ անձի նկատմամբ որոշակի ուժի կիրառում»։
«Շատ դժվար է ոստիկանության վիճակը, որովհետև ցույցի մասնակիցները իհարկե շատ դեպքերում սադրում են։ Ոստիկանությունը մի դեպքում պարտավոր է խաղաղ ցույցի կանոնները խախտողներին առանձնացնի և նրանց պատասխանատվության ենթարկի, որը տեսանք Արմեն Մարտիրոսյանի, Սոս Ջանիբեկյանի, առանձին կոնկրետ քաղաքացիների դեպքերում, բայց մյուս կողմից էլ ցույցի մասնակիցների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման դեպքեր ենք արձանագրում», - ասաց Սաքունցը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապահների գործողությունների մշտադիտարկում է իրականացնում։ Արթուր Սաքունցն ասում է, որ արդեն իսկ ոստիկանների կիրառած բռննությունների վերաբերյալ 4 հաղորդում են ներկայացրել դատախազություն ավելի քան 30 դրվագներով ՝ հայհոյել-ծեծելուց մինչև ցուցարարի գրպանից գումար թռցնելը։