Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը կարճատև հանրահավաք արեց, ապա քայլերթ սկսեց


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը քայլերթ է անում Երևանի կենտրոնում:

Նախքան այդ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք էր, այստեղ երաժշտական կատարմամբ հանդես եկավ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարյանի կինը` երգչուհի Սիրուշոն:

Այնուհետև ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այն, ինչ պլանավորել էին, այն նպատակները, որ իրենց առջև դրել էին այսօր, ամբողջությամբ կատարեցին: Ընդդիմադիրները, հիշեցնենք, տարբեր փողոցներ էին փակել: Դրանք բացել էին ոստիկանները:

«Առավոտվանից սկսած մեր հայրենակիցները կրկին դուրս եկան փողոց: Մեր անհնազանդության ակցիաների քանակը ժամ առ ժամ ավելանում է, ավելանում են նաև մասնակիցները: Երևանում շուրջ 30 փողոց այսօր փակ է եղել», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ շատ քիչ է մնացել վերջնական նպատակին հասնելու համար:

Այսօր բացի Երևանից, ճանապարհներ են փակվել նաև մարզերում: Ժամը 18:00-ի դրությամբ, ըստ ոստիկանության, Երևանում 209 քաղաքացի է բերման ենթարկվել, Գեղարքունիքում` 10, Արարատում` 6, Արագածոտնում` 6, Արմավիրում` 4, Լոռիում` 2:

Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG