Մատչելիության հղումներ

Ընդդիմության այսօրվա ակցիաներն ուղեկցվեցին բախումներով ու բռնություններով


Համացանցում հայտնված տեսանյութերում ևս երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները մի դեպքում ուժով քաղաքացիներին տեղափոխում մեքենաներ, մյուս դեպքում՝ հարվածում նրանց։

Ընդդիմության այսօրվա ակցիաներից հետո ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները հաղորդեցին բռնության մի քանի դեպքերի մասին։ Համացանցում հայտնված տեսանյութերում ևս երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները մի դեպքում ուժով քաղաքացիներին տեղափոխում մեքենաներ, մյուս դեպքում՝ հարվածում նրանց։ Ոստիկանությունը, սակայն, առայժմ միայն մեկ ծառայողական քննություն է նշանակել։ Մյուս հրապարակումները դեռ ուսումասիրում են՝ առանց մեկնաբանության։

Ոստիկանների գործողություններից նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է տուժել. նրա հագուստն է պատռվել։ Փաստաբանի խոսքով, ինքը ոչ թե ցույցի է մասնակցել, այլ եկել էր քաղաքացիներին անվճար իրավական աջակցություն տրամադրելու։ Ոստիկանները նրան էլ են բաժին տեղափոխել։

«Բոլոր ցուցարարների նկատմամբ, այդ թվում նաև իմ նկատմամբ կիրառվեց բիրտ ֆիզիկական ուժ, հայհոյախառը... Ամենահետաքրքիրն այն է, որ, հասկանալով այս ամեն ինչի հետևանքները, ինձ մյուս ցուցարարների հետ միասին նույն մեքենայով բերել են ոստիկանություն, բայց հիմա պարզաբանում են, որ իրենք մտածել են, որ ես ուզում եմ որպես փաստաբան իրենց հետ գալ», - լրագրողներին պատմեց Կոչուբաևը։

Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ու նրա ենթական խոչընդոտում լրատվամիջոցների աշխատանքը։

«Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գևորգյանը, որը տեղում ուղիղ եթեր էր վարում, ասում է, որ ՊՊԾ պետը ոտքով հարվածել է իր գործընկերոջը՝ օպերատորին. - «Երբ ես առաջին հարցը տվեցի, ինքը ինձ մի քիչ բարձր տոնով ասաց, որ հեռախոսով է խոսում։ Լռեցի, որևէ բան չեմ պատասխանել, ու դա մենք ունենք մեզ մոտ ֆիքսված։ Օպերատորը ընդամենը կադրը պահել էր իր վրա, ինքը բավականին ջղայնացած տոնով ասաց՝ թեքիր կամերան, ինձ մի նկարիր։ Ու այդ պահին օպերատորը ընդամենը ասել է՝ նկարելու եմ։ Իր աշխատակիցներից մեկը եկավ, կամերան հրեց, մի պահ մեր տեսախցիկը թեքվում է լրիվ ուրիշ կողմ, ես սկսում եմ ավելի բարձր խոսել, որովհետև էդ պահին նաև հրմշտոցի մեջ ենք ընկնում։ Չեմ կարող ասել հստակ, որ ինձ թիրախավորված էին հրմշտում, բայց ամեն դեպքում գնում էի աջ ու ձախ»։

Քրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան

Տեղում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցն է եղել: Օմդուդսմեն Քրիստինե Գրիգորյանն անընդունելի է համարում նման վարքագիծը, հատկապես բարձաստիճան պաշտոնյայի կողմից. - «Հավաքի յուրաքանչյուր մասնակից, ոստիկանության ծառայող, բայց հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են բարենպաստ միջավայր ստեղծել իրենց մասնագիտական գործով զբաղվող լրագրողների գործունեության համար»։

Քաղաքացիներին ոստիկանություն տեղափոխելիս վերջին օրերին իրավապահները շատ հաճախ անհամաչափ ուժ են կիրառում, ասում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Քրիստինե Գրիգորյանն օրինակ է բերում քաղաքացու գլխին հարվածող ոստիկանի պահվածքը. - «Էս առումով մենք կապ ենք հաստատել Ոստիկանության հետ, հետագայում նաև տեսա, որ Ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն նշված ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու համար, ինչը, կարծում եմ, ողջունելի է։ Բայց մենք մեր գրությամբ ու նաև հաջորդիվ հետևողական ենք լինելու, որ մեղավոր անձի նկատմամբ պատժի անխուսափելիության կանոնը որևէ ձևով չխախտվի այդտեղ»։

Բացի դրանից, օմբուդմենն արձանագրում է, որ ոստիկանները ցուցարարներին բերման ենթարկելիս իրավունքները չեն ներկայացրել, որոշ դեպքերում երեք ժամից ավելի են պահել։

ՄԻՊ գրասենյակն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում, արագ արձագանքման խմբեր են ստեղծվել, որոնք գնում են ոստիկանական բաժանմունքներ, հանդիպում քաղաքացիներին, նրանց խորհրդատվություն տրամադրում: Գրասենյակից միևնույն ժամանակ հայտնում են՝ իրենք արձանագրել են, որ ցուցարաներն էլ ոստիկաններին են սադրում։

«Ոստիկանության ծառայողների նկատմամբ, ովքեր այդ պահին հասարակական կարգն ու անվտանգությունն են ապահովում, դրսևորվել է վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, նաև որոշակի տարբերանշաններ պոկելու դեպքեր կամ այլ բնույթի սադրիչ գործողություններ, որոնք, կարծում ենք, որ անթույլատրելի են», - ասաց օմբուդսմենը։

Թե բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների, հրմշտոցների պատճառով քանի տուժած կա, առայժմ պետական գերատեսչությունները չեն հայտնում:

Չնայած ոստիկանական գործողությունների վերաբերյալ ընդդիմության ու իրավապաշտպանների քննադատությանը, համացանցում առկա տեսանյութերին, իշխող ուժի որոշ պատգամավորներ, հակառակը, անգամ գովում են ոստիկաններին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG