Մատչելիության հղումներ

Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են


Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, 5-ը մայիսի, 2022թ
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, 5-ը մայիսի, 2022թ

Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։

«Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - անդրադառնալով Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր անդրադարձել հայաստանյան ցույցերին՝ հայտարարելով, թե Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում անկայունության շրջանը հնարավորինս շուտ ավարտվի։ Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել էր, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետության ներքին գործն է։

Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Արցախը հանձնելու համար և այդ վտանգը կանխելու կարգախոսներով արդեն մեկ շաբաթ է բողոքի և անհնազանդության գործողություններ են անցկացնում:

XS
SM
MD
LG