Դատախազությունը զգուշացնում է ցուցարարներին՝ «դրսևորել իրավահպատակ վարքագիծ»

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազությունը Երևանում և Հայաստանի այլ վայրերում անցկացվող բողոքի ակցիաների նախաձեռնողներին ու մասնակիցներին զգուշացնում է՝ «մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրեքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելուց», այդ թվում՝ իրավապահների և քաղաքացիների հետ բախումներ, սադրիչ գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելուց կամ դրանց մասնակիցը դառնալուց։

Դատախազության հայտարարության համաձայն՝ բողոքի ակցիաներ և հավաքների ֆոնին «ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը»։

Նշելով, որ օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է, և իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը, դատախազությունը միաժամանակ ընդգծում է, որ «հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարհմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը»։

«Իրավակարգի հանցավոր խաթարման փորձեր կատարողներն անվերապահորեն ենթարկվելու են համարժեք իրավական պատասխանատվության», - ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հրապարակած հայտարարությունում։

Նախօրեին հայտարարություն էր տարածել նաև Ազգային անվտանգության ծառայությունը՝ պնդելով, որ առկա են զանգվածային անկարգությունների իրական վտանգներ, և կոչ անելով «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն հայտնում է «զանգվածային անկարգությունների իրական վտանգների» մասին

Այսօր Երևանում սպասվում է ընդդիմության հանրահավաքը, ընդդիմադիրները նշում են, որ մայիսի 1-ից իրենց պայքարի վճռական փուլն է մեկնարկելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը վերստին հայտարարում է՝ հանրային մեծ ճնշմամբ կհասնեն իշխանափոխության
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեր խնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է. Իշխան Սաղաթելյան