Հայտարարելով, թե Հայաստանում առկա են «զանգվածային անկարգությունների իրական վտանգներ», Ազգային անվտանգության ծառայությունը հանրությանը կոչ է անում «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։
ԱԱԾ-ի այս հայտարարությունը հնչում է իշխանությունների հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմության արդեն մեկշաբաթյա բողոքի տարբեր գործողությունների, անհնազանդության ակցիաների, երթերի ու հավաքներին ֆոնին. հաղորդագրությունում, սակայն, իրավապահ կառույցը այդպես էլ չի հստակեցնում, թե ում նկատի ունեն։
Ազգային անվտանգության ծառայությունը նաև հայտնում է, որ «հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ»։ Նաև զգուշացնում է, որ ձեռնարկելու է օրենքով նախատեսված միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ «չեզոքացնելով Հայաստանի ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»։
Ընդդիմությունը փողոցային պայքար է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները կիրակի՝ մայիսի 1-ին հանրահավաք են հրավիրել։