Մատչելիության հղումներ

Մեր խնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է. Իշխան Սաղաթելյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց խնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է:

«Մեր խնդիրն է կազմակերպել մեր ժողովրդի ցասումը, կազմակերպել ժողովրդի ընդվզումը և այն իշխանությունը, որը հետևողականորեն երկիրը տանում է դեպի կործանման, կասեցնել և օր առաջ հեռացնել: Առաջին փուլը, այն ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, ես համարում եմ ամբողջությամբ իրականացված», - ընդգծեց նա:

Սաղաթելյանը նշեց, որ իրենց հետագա քայլերի և գործողությունների մասին կհայտարարեն վաղը կայանալիք հանրահավաքի ընթացքում: Ընդդիմադիրներն ավելի վաղ հայտարարել էին մայիսի 1-ից իրենց պայքարի նոր՝ վճռական փուլի մեկնարկի մասին:

«Վաղը մեր չորս խմբերը չորս ուղղություններով կմտնեն Երևան, ժամը 16:00-ին կլինեն Ֆրանսիական հրապարակում: Հրապարակում մենք կունենանք մեծ հանրահավաք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Սաղաթելյանը նշեց՝ լինելու են անհնազանդության ակցիաներ. «Հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքը այլևս իշխանություն չունի Հայաստանում: Մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թե սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ իրենք հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի լինելիության հարցը իրենք դուրս են եկել, մեր խնդիրը էս ամեն ինչը կազմակերպելն էր: Սա իշխանություն-ընդդիմություն պայքարի չի, սա համաժողովրդական պայքար է»:

Հայտարարելով, որ սա պայքար չէ իշխանության համար, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ով որ հասկանում է՝ ինչ է կատարվում, մեր խնդիրներն ինչքան մեծ են ու պատասխանատվությունն ինչքան մեծ են, չի կարող այսօր ձգտել իշխանության»:

Իշխանությունների հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմության արդեն մեկշաբաթյա բողոքի տարբեր գործողությունների, անհնազանդության ակցիաների, երթերի ու հավաքներին ֆոնին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ Հայաստանում առկա են «զանգվածային անկարգությունների իրական վտանգներ», կոչ անելով «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։

Ընդդիմությունը փողոցային պայքար է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները կիրակի՝ մայիսի 1-ին հանրահավաք են հրավիրել։

XS
SM
MD
LG