Մատչելիության հղումներ

Ընդդիմության քայլերթի մասնակիցները ծեծել են «Անտարես»-ի ղեկավարին, քրգործ է հարուցվել


Ընդդիմության քայլերթի ժամանակ բռնության ենթարկված «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ենթադրում է՝ միջադեպի պատճառը հետպատերազմական իր գրառումներից մեկն է, որտեղ խոսել էր Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների վերադարձի մասին։ Գրառումն այդ ժամանակ մեծ դժգոհության պատճառ դարձավ։

«2020-ի դեկտեմբերյան գրառումս, որ Ղուբաթլին Հայաստանի տարածք չէ, ասել էի՝ ուրիշի տարածքց դուրս եկեք, մեր տարածքն ամրապնդենք։ Նույնը չի Ղուբաթլիի տարածքում գտնվելն ու Արցախի տարածքում գտնվելը, դրանք երկու մեծ տարբերություններ են։ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, և նա ունի պետություն կառուցելու իրավունք», - նկատում է նա։

Մարտիրոսյանը պատմում է՝ իրեն տեսնելու պես ցուցարարները սկսել են հայհոյել ու շշեր նետել։ Տարածքում հանդիպման էր. «Սպասում էի, որ էդ մարդը գար, ու տեսա, որ միտինգ է, մտքովս անցավ, որ ինչ լավ է, որ մարդիկ կարողանում են արտահայտել իրենց կարծիքը, ժամանակ կար՝ մեզ թույլ չէին տալիս միտինգ. չէ՞ որ ես սրա համար պայքարել եմ, որ այս մարդիկ ձայնի իրավունք ունեն։ Երևի ամբոխից ինչ-որ մարդիկ ճանաչեցին ինձ ու սկսեցին գոռալ «Անտարես», թուրք ասել, հայհոյել», - նշում է Արմեն Մարտիրոսյանը։

Նա պաշտպանելու խնդրանքով դիմել էր ոստիկաններին։ Ասում է՝ իրավապահները պահանջել են հեռանալ տարածքից: Փորձել է հեռանալ, ինչից հետո էլ մի խումբ ցուցարարներ իր վրա են հարձակվել։

Համացանցում հայտնված տեսանյութերում ևս երևում է, թե ինչպես են քայլերթի որոշ մասնակիցներ հարձակվում Մարտիրոսյանի վրա, ապա հարվածում, քաշքշում են։ Կային նաև հարձակումը կանխել փորձող քաղաքացիներ։

«Մինչ այդ ոչ մեկը չէր համարձակվում որևէ քայլ անել դեպի ինձ, երբ որ իրենց էի նայում։ Հենց որ թեքվեցի, արդեն երևի առիթավորվեցին», - ասում է նա։

«Անտարես» հոլդինգի ղեկավարը ստացած կապտուկներից չի ցանկանում խոսել, համոզված է՝ եթե ոստիկանությունն ավելի վաղ կանխեր իր նկատմամբ սպառնալիքները, բանը բռնությանը չէր հասնի. «Մարդիկ ավելի զսպված կլինեին, իսկ դա արդեն դատական իշխանության խնդիր է, քննչական մարմինների, ոստիկանության աշխատանքի խնդիր է»։

Արմեն Մարտիրոսյանը, սակայն կասկած չունի է՝ անհանդուրժողականության բուն պատճառները կրթական համակարգի մեջ են։ Կրթության մակարդակը ցածր է, իսկ պետությունը լուրջ բարեփոխումների հարցում հապաղում է. «Խնդիրը կրթության մեջ է, դաստիարակության մեջ է, գրքերի բացակայության մեջ է։ Հայաստանում եղել է մոտ 400 հանրային գրադարան ու երևի 3 հազար դպրոցական գրադարան, ոչ այն կա, ոչ այն կա»։

Իրավապաշտպանը վստահ է՝ միջադեպը հնարավոր կլիներ կանխել, եթե Հայաստանը պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգ ունենար

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ է համոզված՝ հասարակության շրջանում հանդուրժողականության պակասը գրագիտության պակասի հետևանք է. «Մինչև այդ սերնդափոխությունը, դաստիարակությունը ի կատար ածվեն, իրականություն դառնան, այս անցումային փուլում, արդեն մի 30 տարի անցել ենք, ինչքան պետք է անցնենք դեռ, չգիտեմ, պետք է մենք հնարավորինս լուրջ միջոցներով կարողանանք հասնել նրան, որպեսզի կանխվեն այս կարգի հարձակումները»։

Ոչ միայն ցուցարարների, այլև ոստիկանների պահվածքն իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անընդունելի է համարում։ Ասում է՝ իրավապահներն իրենց բուն գործառույթն իրականացնելու փոխարեն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցույցեր ցրելով են զբաղվում միայն։ Վստահ է՝ երեկվա միջադեպը հնարավոր կլիներ կանխել, եթե Հայաստանը պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգ ունենար։

Իրավապաշտպանը նկատում է՝ և՛ նախկին, և՛ ներկա իշխանություններն անընդհատ խոսում են ուժային կառույցների բարեփոխումների մասին, սակայն խոսքից գործի չեն անցնում. փոխությունները միայն արտաքուստ են. «Մշտապես գործող իշխանությունները դիտարկել են և շարունակում են, ցավոք, այսօր նույնպես դիտարկել ոստիկանությունը՝ որպես իրենց իշխանությունը պահպանելու միջոց։ Հենց որ իշխանությունները կդադարեն նման խնդիր լուծելուց, ուժային կառույցներին կդադարեն դիտարկել որպես իրենց իշխանության երկարաձգման կամ պահպանման միջոց, այն ժամանակ նրանք արդեն իրականում ձեռնամուխ կլինեն իրական փոփոխությունների»։

Արմեն Մարտիրոսյանի հաղորդումից հետո ոստիկանությունը խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցել։ Թե արդյոք ձերբակալվածներ կան միջադեպից հետո, և ինչո՞ւ ոստիկանները չեն ապահովել Մարտիրոսյանի անվտանգությունը, գերատեսչությունից «Ազատության» հարցերն անպատասխան թողեցին։







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG