Մատչելիության հղումներ

«Մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի և հանուն հայրենիքի պետք է միավորվենք». Արթուր Վանեցյան


Ազատության հրապարակից ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ու իր համախոհները հերթական քայլերթն են սկսել:

Ընդդիմադիր ուժի քայլերթերը հիմնականում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով են ընթանում: Այսօր ցուցարարները Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով շարժվելու են դեպի Խանջյան փողոց և միանան «Հայաստան» խմբակցության երթին:

Արթուր Վանեցյանն ասաց՝ այսպիսով ցույց են տալու, որ ընդդիմադիր ուժերի պայքարի նպատակը մեկն է. «Մենք չունենք որևէ առաջնորդ ստեղծելու խնդիր, մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի և հանուն հայրենիքի բոլորս պետք է միավորվենք»:

«Պատիվ ունեմ»-ի ղեկավարը նաև նշեց, որ վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով, կամփոփի իրենց սկսած պայքարի առաջին ու երկրորդ փուլերի ընթացքը ու կխոսի երրորդ, ինչպես նշեց, վճռական փուլի մասին: Վանեցյանն ասաց՝ մայիսի 1-ին միանալու են «Հայաստան» խմբակցության հանրահավաքին:

Այսօր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ընդդիմադիր Վանեցյանն ասաց նաև, որ գործող իշխանությունների մնալու դեպքում պատերազմ է սպասվում, իսկ ընդդիմությունը խաղաղություն է ուզում:

«Հավատացեք, պատերազմը իրանց մնալու դեպքում է լինելու: Որ ասում են՝ ընդդիմությունը իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ՝ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները», - հայտարարեց Վանեցյանը:

Թե ինչ ծրագիր ունի ընդդիմությունը իշխանափոխության դեպքում, դեռ չի հայտնում, միայն վստահեցնում է, որ կա ծրագիր. «Արցախի և մնացածի մասին ընդհանուր բոլորս կներկայացնենք ծրագիր, բայց ինչ վերաբերում է մեր՝ ընդդիմության գործողություններին, տրամաբանական է, չէ՞, որ մանրամասն բոլոր քայլերը չենք ասելու, առաջին վայրկյանից մինչև վերջին պահը մենք ունենք մեր ծրագիրը»:

Վանեցյանը մոտ երկու շաբաթ է Ազատության հրապարակում նստացույց է սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս ընդդիմադիր ուժը պարբերաբար քայլերթերի ժամանակ հայտարարում են, որ մոտ օրերս Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

XS
SM
MD
LG